Նախարարը ներկայացրել է Լիցենզավորման մասին օրենքը
Այսօր Ազգային Ժողովում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Նա նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է լիցենզավորման ենթակա տեսակների ցանկից հանել մի շարք օբյեկտների շինարարությունը և դրանց նկատմամբ կիրառել հսկողություն՝ համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն:
Նախարար Սարգսյանի տեղեկացմամբ՝ այդ օբյեկտներն են գյուղական բնակավայրերում կառուցվող 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող, մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տները, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները և 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, ինչպես նաև գյուղական բնակավայրերում համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասերում` 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության այլ ոչ հիմնական շինությունները և 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները: Վերոնշյալ օբյեկտների շինարարական աշխատանքները, պետք է կատարվեն տնտեսական եղանակով՝ առանց լիցենզավորված կապալառուի և տնտեսական հսկիչի ներգրավման:
Նախարարի կողմից հարցը ներկայացնելուց հետո Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ (Սուքիաս Ավետիսյան, Մհեր Շահգելդյան, Գուրգեն Արսենյան, Հովհաննես Մարգարյան, Խոսրով Հարությունյան) դրական արձագանքներով ողջունել են և հարցադրումներ ուղղել Նարեկ Սարգսյանին, իսկ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: