ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթը կառավարական շենքերի նոր համալիրի բացման ժամանակ
Այսօր մայրաքաղաքում բացվել է նորակառույց կառավարական վարչական համալիրիը՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որի շինարարությունը մեկնարկել էր 2013թ.:
Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ
Վեհափառ Տեր
Հարգարժան նախարարներ, հարգելի քաղաքապետ, սիրելի գործընկերներ
2013թ. ապրիլին այս տարածքում Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայությամբ ազդարարվեց Կառավարական շենքերի համալիրի շինարարության մեկնարկը:
Ուղիղ երկու և կես տարի անց մենք այսօր նորից այստեղ ենք և պաշտոնապես ազդարարում ենք այդ համալիրի շինարարության ավարտի մասին, և ՀՀ կառավարության աշխատակազմին ենք հանձնում պետական նշանակության այս մասշտաբային կառույցը: Տարածքում, որտեղ նախկինում կային շուրջ 3 տասնամյակ չգործող տեխնիկական կառույցներ՝ անբարետես շինություններ, այրված վարչական շենք, ներկայումս հառնում են ոչ միայն շենքեր, այլև տեղական նշանակության նոր փողոցներ և հրապարակներ: Բոլոր հինգ նախարարություններն ապահովված են գույքով և չխաթարելու համար նրանց բնականոն աշխատանքը՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում հատված առ հատված ամբողջապես կտեղափոխվեն նորակառույց այս համալիր:
Վերջին տարիներին Հայաստանում կառուցվել են բնակելի և հասարակական նշանակության բազմաթիվ շինություններ, հյուրանոցներ, բիզնես-կենտրոններ, առողջապահական, կրթական, սպորտային և ինժեներատեխնիկական ենթակառուցվածքներ: Հատկապես հիշատակության են արժանի մշակութային այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Կոմիտասի թանգարանը, մատենադարանի վերակառուցումը, Եղեռնի թանգարանի վերակառուցումը և այլն: Արդեն սկսված է նաև պետական գերատեսչական պայմանների բարելավման գործընթացը՝ ՀՀ պաշտպանության նախարարության տպավորիչ համալիրը, Սևանի ընդունելությունների տունը, քննչական կոմիտեների շենքերը և այլն: Սակայն կառավարության 2-րդ մասնաշենքերի համալիրի կառուցումը բացառիկ իրողություն է, ուստի այն կարելի է համարել անկախության շրջանի մեր նշանակալի ձեռքբերումներից մեկը:
Միգուցե ուրիշներն իրենց երկրում արդեն կառուցել կամ դեռևս կկառուցեն ավելի մեծ կամ ավելի ճոխ հարդարանքով շինություններ, բայց այն, ինչ մենք ենք կառուցել, առաջնորդվել ենք առաջին հերթին մեր լեզվին և մտածողությանը, մեր ավանդույթներին և պատկերացումներին հարազատ ձևերի կիրառմամբ՝ հիմնականում տեղական շինարարական նյութերով, իսկ շենքի ներսում խիստ աշխատանքային, պարզ, բայց ոչ պարզունակ լուծումներով:
Բոլոր գերատեսչությունները, մասնավորապես` Արտաքին գործերի, Արդարադատության, Կրթության և գիտության, Սփյուռքի և Մշակույթի նախարարությունները, որոնք կտեղաբաշխվեն այս համալիրում, կունենան շեշտված բարելավումներ: Ընդամենը մեկ թվային օրինակ բերեմ՝ հանրապետության հրապարակի վրա գտնվող շենքային համալիրը, որտեղ տեղաբաշխված են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, տարածքային կառավարման, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները միասին զբաղեցնում են շուրջ 14.000 քմ տարածք: Այս համալիրում այդքան միայն զբաղեցնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Իսկ ընդհանուր կառուցապատման մակերեսը կազմում է շուրջ 34.000 քմ, այսինքն 2 և կես անգամ ավելի, քան ունեինք մինչ այսօր: Դա միայն մակերեսների մասով, չհաշված՝ ժամանակակից ինժեներատեխնիկական սարքավորումներով հագեցվածությունը, անհրաժեշտ դահլիճներով, ճաշարաններով, ստորգետնյա ավտոկայանատեղիով և սպասարկման այլ տարածքներով ապահովվածությունը, զուտ ֆունկցիոնալ այլ հարմարությունները, թարմացված կահույքը և այլն:
Որպես ճարտարապետական մտահղացման և նախագծի հեղինակ՝ իմ գործընկերների հետ միասին ցանկացել ենք իրականացնել այնպիսի կառույց, որն իր ուրույն տեղն ունենա մեր պետականության նախորդ շրջանի նմանատիպ շինությունների շարքում:
Ճարտարապետական գլխավոր գաղափարն է՝ շեշտել մեր նորանկախ պետականությունը՝ կամարը վերածելով հաղթակամարի, կառույցը՝ փակ շինությունից թափանցիկ տարածության, աշտարակը, որպես հանրապետության թիվ 1 հրապարակի աշտարակների ճարտարապետական երկխոսության խորհրդանիշ:
Եվ որպես էստաֆետայի արտահայտություն՝ շենքի մեծաթռիչք կամարի աջ և ձախ կողմերում տեղադրված են հրապարակի շենքի զարդաքանդակների կրկնօրինակները: Եվ այս ամենը Հայաստանի բազալտի և տրավերտինի և Լեռնային Ղարաբաղի ճերմակ բնական քարի համադրությամբ: Ահա միասնության ևս մեկ խորհրդանիշ:
Այս ծրագրի իրականացման գաղափարը և չափորոշիչների սահմանումը Հայաստանի Հանրապետության նախագահինն է: Կառուցապատման ընթացքն իր բոլոր փուլերով մշտապես գտնվել է նրա անմիջական վերահսկողության և բարձր հովանու ներքո և մեծապես հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է շինարարությունն արագ տեմպերով և բարձր որակով իրականացումը:
Ուստի ավարտելով խոսքս՝ կուզենայի հատուկ շնորհակալություն հայտնել մեր երկրի ղեկավարին ոչ միայն այս ծրագիրը նախաձեռնելու և կյանքի կոչելու համար, այլև համալիրի նախագծումն ու իրականացման պատասխանատվությունն ինձ վստահելու համար: Կուզենայի մեր շնորհակալությունը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, նրա աշխատակազմին՝ բազմակողմանի օժանդակության համար, Երևանի քաղաքապետին՝ ծագած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու, սրտացավության և ամենայն աջակցություն ցուցաբերելու համար, քաղաքաշինության նախարարության աշխատակիցներին, ծրագրերի իրականացման գրասենյակին, նախագծային աշխատանքներին մասնակցած բոլոր մասնագետներին, շինարարների հսկա բանակին, բանվորներին, մոնտաժող վարպետներին, արհեստավորներին և ինժեներներին և հատկապես <<Սպիտակ տնակ>> կազմակերպության ղեկավար Ստեփան Ախոյանին՝ կատարած բարձրորակ շինարարության համար:
Հետայսու ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, մյուս գերատեսչությունները նոր հանդերձանքով կներկայանան աշխարհին, իսկ գիշերային գեղարվեստական լուսավորությամբ համալիրը կմիանա Հանրապետության հրապարակի և Երևանի քաղաքապետարանի շենքերի լուսային հրավառությունների շքերթին:
Հուսով եմ՝ մեր քաղաքացիները դրական զգացումներով կընդունեն այս կառույցը, իսկ դրանում աշխատող պետական ծառայողները՝ խանդավառությամբ: