Ճարտարապետ Հայկ Ասատրյանի բազմաժանր ստեղծագործությունները՝ մեկ հարկի ներքո
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության ազգային թանգարան-ինստիտուտի սրահում տեղի ունեցավ ճարտարապետ Հայկ Ասատրյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի բացումը, որին մասնակցում էին տարբեր սերունդներ ներկայացնող ճարտարապետներ՝ հեղինակի գործընկերները, ուսանողներ, բազմաթիվ մտավորականներ, քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես եկավ Ճարտարապետության ազգային թանգարան- ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը՝ հակիրճ բնութագրելով ճարտարապետի 40 տարվա ստեղծագործական ընթացքը, 200-ից ավելի ստեղծագործական աշխատանքներ` հուշարձաններ, շենքերի նախագծեր, կառույցներ, ջրաներկ, յուղաներկ գրաֆիկական գործեր, դեկորատիվ ձևավորումներ, որոնց ուշագրավ դրվագները ներկայացված էին ցուցահանդեսում և <<Վան Արյան>> հրատարակչությունում տպագրված եռալեզու կատալոգում: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հրամանով քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում ունեցած ավանդի համար ճարտարապետ Հայկ Ասատրյանը պարգևատրվեց <<Տրդատ ճարտարապետ>> ոսկե մեդալով, որը ճարտարապետին հանձնեց նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը՝ շնորհավորելով նրան և մաղթելով հետագա արգասաբեր գործունեություն: Ցուցահանդեսի բացման առիթով հանդես եկող գործընկերներից յուրաքանչյուրը՝ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, արձակագիր և հրատարակիչ Վան Արյանն իրենց ելույթներում անդրադարձան Հայկ Ասատրյանի ստեղծագործական և մարդկային որակներին՝ ներկայացնելով բեղմնավոր, իր գործի նվիրյալ մտավորականի կերպարը: Ճարտարապետ Հայկ Ասատրյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ավարտելով ելույթը Եղիշե Չարենցի <<Տաղարան>>-ի անզուգական քառատողով՝ Ինչքան որ հուր կա իմ սրտում բոլորը…