ՍՏԱՄԲՈՒԼԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԸ ՊԱԼՅԱՆՆԵՐԻ ՁԵՌՔԻ ԳՈՐԾՆ ԵՆ
Սկզբնաղբյուր http://armworld.am/detail.php?paperid=5161&pageid=157877&lang=
03.10.2015; www.armworld.am
Հոկտեմբերի 5-ին, այս էլ երկրորդ տարին, մեզանում նշվելու է Ճարտարապետի միջազգային օրը:
Քաղաքաշինության նախարարությունը, որպես այս յուրօրինակ նախաձեռնության հեղինակ, ինչպես անցած տարի, այս անգամ էլ Ճարտարապետի տոնը առանձնահատուկ ձեւով է նշելու: Եթե անցած տարի Հայաստանում այդ շրջանակներում անցկացվեց համահայկական բիենալե, ապա այս տարի քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում հայ հանրությանն ի ցույց կդրվի Կոստանդնուպոլսի բազմաթիվ բարձրարժեք եւ հանրահայտ շենքերի հեղինակ Պալյան ճարտարապետական գերդաստանի արխիվային ժառանգությունը, որն առաջին անգամ է հանրայնացվելու:
Այն կներկայացվի «Մասունքներ... ծանոթ եւ անծանոթ Պալյաններ» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 5-ը, որից հետո արժեքավոր արխիվային փաստաթղթերը կպահվեն ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Արխիվը բաղկացած է Պալյան ճարտարապետական գերդաստանի անտիպ նյութերից՝ տարաբնույթ կառույցների նախագծեր, կահույքի, ջահերի, մոմակալների, ժամացույցների, հայելիների, ինտերիեր-էքստերիերին բնորոշ այլ հարդարանքի նախագծեր ու էսքիզներ, Պալյան ճարտարապետների եւ նրանց կառուցած շինությունների լուսանկարներ, գրավոր նյութեր:
Հայաստանում մինչ օրս Պալյանների հետ կապված որեւէ վավերագիր չկար: Քաղաքաշինության նախարարության, նախարար Նարեկ Սարգսյանի ջանքերի, հետեւողական աշխատանքի եւ 6 ամիս տեւած բանակցությունների շնորհիվ այժմ դրանք Հայաստանում են եւ հասու են հայ արվեստասեր հասարակայնությանը:
Բացառիկ այս ժառանգության հեղինակների ստեղծած հայ ճարտարապետության հուշարձանների, դրանց հարդարանքների լուսանկարների արխիվը եւս կցուցադրվի: Այն իտալաբնակ հայ ճարտարապետ Արմեն Կյուրեղյանը քաղաքաշինության նախարարությանն է հանձնել որպես նվիրատվություն:
Այդ փաստաթղթերը ցեղասպանությունից մազապուրծ նրա պապը` ճարտարապետ Լեւոն Կյուրեղյանն է փրկել ջարդերից եւ իր հետ տեղափոխել Իտալիա: Մինչեւ վերջերս դրանք պահպանվում էին նրա անձնական պահոցում:
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱԼՅԱՆՆԵՐԸ
Թուրքիայի ամենագեղեցիկ քաղաքը համարվող Ստամբուլի վեհաշուք կառույցների ու կոթողների, պատմամշակութային արժեք ունեցող շինությունների հեղինակները հենց Պալյան գերդաստանի ներկայացուցիչներն են:
Պալյանները Օսմանյան Թուրքիայի ամենանշանավոր ճարտարապետների երեք գերդաստաններից մեկն էին, ովքեր սերնդից սերունդ են փոխանցել հմուտ ճարտարապետի համբավը: Այդ գերդաստանի 9 ներկայացուցիչներ տարբեր ժամանակներում եղել են պալատական ճարտարապետներ` վեց սուլթանների իշխանության օրոք: Եվ այդ ընթացքում փաստորեն նրանք Օսմանյան կայսրությունում եղել են ճարտարապետական ճաշակի թելադրողներ` նոր շունչ եւ եվրոպական թարմություն հաղորդելով թուրքական ճարտարապետությանը, ինչի շնորհիվ Կոստանդնուպոլիսն արտաքուստ եվրոպականացվեց:
Պալյան ճարտարապետները Թուրքիայում, մասնավորապես Պոլսում կառուցել են հսկա թաղամաս, արքունի պալատներ, մզկիթներ, բաղնիքներ, գործարաններ, զորանոցներ, աշտարակներ, կոթողներ, բնակելի շինություններ: Նրանց անվան հետ է կապվում զանազան կոթողների բարենորոգումը եւ բարեկարգումը:
Թերեւս այդ գերդաստանի անվան հետ կապվող ամենանշանակալի ու ամենաշքեղ կառույցը Կարապետ Պալյանի կառուցած Դոլմաբախչեի պալատն է: Կոստանդնուպոլսի ճարտարապետությունը հնարավոր չէ պատկերացնել առանց այդ կառույցի, որը համարվել է 19-րդ դարի Պոլսո շինություններից ամենանշանավորը, ինչպես նաեւ սկիզբ է դրել նոր ժամանակների ճարտարապետությանը:
Երկար ժամանակ թուրքական իրավասու շրջանակները թե՛ թուրք հասարակությունից, թե՛ Ստամբուլ այցելած զբոսաշրջիկներից գաղտնի էին պահում Պալյանների անունը եւ նրանց մասնակցությունը թուրքական ճարտարապետության մեջ: Զբոսաշրջիկներին ուղեկցող-թարգմանիչները ներկայացնում էին, թե իբրեւ Դոլմաբախչեի պալատը կառուցել են իտալացի ճարտարապետները: Իսկ եթե որեւէ տեղից նրանց հայտնի էր լինում Պալյան ազգանունը, ապա ներկայացվում էր, թե իբրեւ իրականում նրանք այդ պալատը կառուցելիս ընդամենը վարձու աշխատողներ են եղել:
Սակայն Պալյան գերդաստանի մասին Թուրքիայում լույս տեսած Բարսեղ Թուխլաջյանի հաստափոր գրքից հետո ճշմարտությունն այլեւս անհնար էր թաքցնել, եւ թուրք հասարակությանը հասու դարձավ, որ ոչ միայն Դոլմաբախչեի պալատը, այլեւ Ստամբուլի գլխավոր ու արժեքավոր շենքերի զգալի մասը Պալյաններն են նախագծել: Անգամ այդ պալատի ներքին հարդարանքն է մատնում, որ դրա ոչ միայն նախագծի, այլեւ ինտերիերի հեղինակը հայ է: Դոլմաբախչեի պատերը զարդարում են նաեւ Հովհաննես Այվազովսկու գործերը, որը հյուրընկալվելով Պալյանների տանը՝ իր ներդրումն էր ունեցել դղյակի ներքին հարդարանքի աշխատանքներում:
Կարապետ Պալյանը ստեղծագործական գործունեության 30 տարվա ընթացքում կառուցել է 7 պալատ, 4 գործարան, մզկիթ, զորանոցներ, 4 եկեղեցի, 2 հիվանդանոց, 3 դպրոց եւ այլ շինություններ:
Ճարտարապետի մահից հետո նրա գործն արքունիքում շարունակում են որդիները` Նիկողայոսը, Հակոբն ու Սարգիսը, որոնք հատուկ հարգանք էին վայելում ինչպես արքունիքում, այնպես էլ հայկական միջավայրում:
Հայտնի է, որ Տիգրան Չուխաջյանը իր «Արշակ Բ» օպերան ձոնել է վաղամեռիկ Հակոբին, որը մեծահարգ մեկենաս էր եւ հայտնի էր իր տանը կազմակերպվող շքեղ երեկույթներով, որոնք ներշնչանքի աղբյուր էին շատ հայ արվեստագետների համար: «Արշակ Բ» օպերայի նախերգանքը կատարվել է Հակոբ Պալյանի ապարանքում 1868 թվականին:
Պալյանների ընտանիքը, լինելով օսմանյան սուլթանների մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ եւ կրելով ամիրա տիտղոսը, մեծապես օգնում էր Թուրքիայում բնակվող հայերին` հանդես գալով երկրում հայերի ինքնավարությունը մեծացնելու ջանքերով, հայկական գրքերի տպագրությամբ, եկեղեցիների կառուցմամբ, երիտասարդ ուսանողներին օժանդակելով, իսկ 1838թ. Կարապետ Պալյանը՝ Քավազ Բեզջյանի եւ Հովհաննես Սերվերյանի հետ համատեղ, հիմնում է Ուքսյուդարեի դպրոցը, որը կրթական կենտրոն է դառնում հայերի համար:
Աբդուլ Համիդի կառավարման տարիները աղետաբեր եղան հայ ժողովրդի համար, քանի որ հենց նրա օրոք սկսվեցին զանգվածային կոտորածները եւ հայերի տեղահանումները: Աբդուլ Համիդի դաժան տիրապետոթյունը սասանեց նաեւ Պալյանների դիրքերը: Գիտնական, ճարտարապետ Սարգիս Պալյանը, որի մասին հիացմունքով էր խոսում նույնիսկ եվրոպական մամուլը, մեղադրվեց պետական միջոցները յուրացնելու համար եւ արտաքսվեց` մահկանացուն կնքելով 1899թ.:
Հենց Սարգիս Պալյանի հեռացումը վերջ դրեց Օսմանյան կայսրությունում հայ ճարտարապետական ընտանիքի արքունի լիազորություններին: