Հրաժեշտի հանդիպում քաղաքաշինության նախարարությունում
Սեպտեմբերի 23-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հյուրընկալել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին համատեղ աշխատանքի համար, նախարարն ընդգծել է երկու երկրների միջև քաղաքաշինության բնագավառում համագործակցության կարևորությունը և շարունակականությունը:
Դեսպան Ռեիսին իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին՝ անցած տարիների ընթացքում ոլորտում համագործակցության համար՝ որոնք նպաստավոր են եղել հայ-իրանական կապերի համատեքստում: Նա նշել է, որ Հայաստանը և Իրանը բազում ընդհանրություններ ունեցող երկրներ են, որոնց բարեկամությունը դարերի պատմություն ունի՝ սիրով Իրանում հյուրընկալելու պատրաստակամություն հայտնելով:
Ն. Սարգսյանն անդրադարձել է երկու երկրների միջև քաղաքաշինության ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությանը՝ հատկապես առանձնացնելով շինարարական նոր տեխնոլոգիաների և սեյսմակայուն շինարարության ուղղությունները:
ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին նույնպես կարևորել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ շնորհակալություն հայտնելով նախարար Նարեկ Սարգսյանին բարի կամքի, ջերմ վերաբերմունքի և սերտ համագործակցության համար: