Քաղշիննախարարը հին խնդիրների լուծման կոնկրետ ժամկետներ է նշել
25.05.2015; www.armradio.am
Քաղաքաշինության նախարարն այսօր ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին: Նարեկ Սարգսյանը խոսել է աղետի գոտու խնդրի վերջնական լուծման վերջնական ժամկետերից, անդրադարձել «Հին Էրիվան» ծրագրի կյանքի կոչման խնդիրներին, նաեւ նորություններ փոխանցել Կոնդի ու Ֆիրդուսի շուկայի տարածքի բնակիչներին, ովքեր հայտնվել են իրացման գոտում ու անորոշության մեջ են իրենց անշարժ գույքի հետագա ճակատագրի առումով: Շինարարության ոլորտում դրական միտումներն աննշան են, ասել է քաղաքաշինության նախարարն ու խոսել նոր ծրագրերից, մասնավորապես, պետական ծառայողների համար բնակարանաշինությունից:
Հարկ է աղետի գոտու էջը վերջնականապես փակել: Սա քաղաքաշինության նախարարի այսօրվա ասուլիսի հիմնական շեշտադրումներից մեկն էր: Նարեկ Սարգսյանն, ամփոփելով իր պաշտոնավարման մեկ տարին, խոստացավ ու հայտարարեց` աղետի գոտու տուժածների հարցը լուծված կլինի մինչև 2016-2017թթ.: Հարցի լուծման առավել նպատակահարմար տարբերակ է համարվում գումար տրամադրել բնակարան գնելու համար, բայց ոչ թե առձեռն, այլ բնակարանների գնման վկայագրերի միջոցով` ընդհանուր մեկ մլրդ հինգ հարյուր մլն դրամի շրջանակում: Նոր շենքեր կառուցելը ժամանակատար է, իսկ Գյումրիում ազատ բնակարանները շատ են: Ավելի ճիշտ է, որ բնակարանները տրամադրվեն այս տարբերակով, սա նաեւ ընտրության հնարավորություն կտա քաղաքացուն: Բացի այդ` եթե այդքան ընտանիք բնակարան գնի Գյումրիում, այնտեղ անշարժ գույքի շուկան էլ կաշխուժանա»,- կարծում է նախարարը:
Քանի որ հարցի վերջնական լուծման խոստումներ էլի են եղել, բայց ժամկետերն այդպես էլ չեն պահպանվել, Սարգսյանն անհրաժեշտ համարեց պարզաբանել` «Կավարտվի աղետի գոտում հաշվառված շուրջ 1000 ընտանիքի հարցի լուծումը»:
Վերջերս աղմուկի առարկա դարձած մեկ այլ հարցի` որոշ բուհեր մայրաքաղաքից Գյումրի տեղափոխման առնչությամբ քաղաքաշինության նախարարը նշեց, որ դա Գյումրու զարգացման, վերականգնման ծրագրերից մեկն է, ի դեպ` ամենեւին էլ ոչ նոր ծրագիր: Այն ենթադրում է նախ ճանապարհների ու քաղաքի մուտքերի բարեկարգում, Գյումրին շրջանցող 5 կմ երկարությամբ ճանապարհի կառուցում, ապա մեկ-երկու բուհի տեղափոխում, ոչ բոլոր բուհերի: Մեկ կամ երկու բուհ էլ, ըստ նախաձեռնության, պետք է տեղափոխել Աբովյան քաղաք։ Հյուսիս-հարավ ճանապարհի ավարտից հետո, ամենաշատը 50 րոպե կտևի Երևան- Գյումրի ճանապարհը, նաեւ Երեւանից կհանի բուհերի կենտրոնացվածությունը, ասաց:
Տեղափոխման տրամադրության մեջ են նաեւ մի քանի նախարարություններ, այդ թվում ԱԳՆ-ն: Դրանք կտեղակայվեն Վազգեն Սարգսյան-3 հասցեում` կառավարական շենքերի նոր երկրորդ մասնաշենքում, որի շահագործումը նախատեսված է նոյեմբերի 15-ին: Քաղաքաշինության նախարարն այսօր նորություն ուներ նաեւ Երեւանի Կոնդ թաղամասի եւ Ֆիրդուսի շուկայի տարածքի` տարիներով անորոշության մեջ գտնվող բնակիչների համար: Այս տարածքները, հիշեցնեմ, կառավարությունը հայտարարել է իրացման գոտի` պետական գերակա շահ: Իրացման հարցը տարիներով ձգվում է, իսկ մարդիկ իրենց անշարժ գույքի հետ կապված ոչ մի քայլ նախաձեռնել չեն կարող:
«Կոնդում շինարարությունն արդեն սկսված է, Ֆիրդուսի մասով գրաֆիկ է սահմանվել իրացման գումարների տրամադրման մասով, մի քանի օրից կառավարությունը որոշում կընդունի նաեւ Ֆիրդուսի տարածքի բաժնետոմսերի մասով»:
Քաղշիննախարարության առջեւ դրված ամենախնդրահարույց հարցերից մեկը «Հին Էրիվան» ծրագիրն է: Մի կողմից ամենատարբեր մեղադրանքներ` հնագույն քաղաք Երեւանի հին տեսքը վերջնականապեռս կորցնելու ու ոչինչ չպահպանելու մասին, մյուս կողմից տեխնիկական տարբեր խնդիրներ` մայրաքաղաքում «Հին էրիվան» անվամբ թաղամաս կառուցելու համար: Սկզբում որոշված էր դրա կառուցումը վստահել արդեն վատահամբավ «Գլենդել հիլզ»-ին, բայց այն արդեն իր ստանձնած շինաշխատանքների թերությունների պատճառով դատական բազմաթիվ գործերի մեջ է խճճվել, ուստի այժմ հայացքն այլ կառուցապատողների կողմն է: Թե ում կվստահվի, դեռ վերջնական չէ:
«Ըստ գրաֆիկի` հունիսի սկզբից կսկսվի տարածքի իրացման գործընթացը, աշնանն արդեն որոշ հատվածներում շինարարությունը կսկսենք»:
Շինարարության ոլորտն անկումային ցուցանիշերին այդպես էլ հրաժեշտ չի տալիս, դրական միտումն աննշան է: Իրավիճակը փոխելուն են միտված սոցիալական վերջին ծրագրերը, մասնավորապես, պետական աշխատողների համար բնակարանաշինական ծրագրերը: Դրանք շարունակական կլինեն, խոստանում է քաղաքաշինության նախարարը: Նպատակ կա նաեւ պետական շուրջ 200 կիսակառույց շենքերն էլ վերակառուցել որպես պետական աշխատողների բնակֆոնդ: Նարեկ Սարգսյանը դրական ակնկալիքներ ունի օրենսդրական վերջին փոփոխություններից էլ: Երկրից դուրս աշխատող շինարարական կազմակերպություններին Հայաստանում հարկելու որոշումը նրանց ամենեւին չի վնասի, մյուս կողմից ոլորտի համար օգտակար կլինի եկամտային հարկով հիփոթեկային վարկի տոկոսները մարելու նախաձեռնությունը: Բայց հերթը նաեւ պատժամիջոցներին է հասել, խոսքը կիսակառույցների` տարիներ շարունակ որեւէ աշխատանք չձեռնարկած պատասխանատուների մասին է: