ՀՀ քաղաքաշինության նախարարն ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին
1. Կառուցվածքային փոփոխություններ
* Նոր՝ կառուցապատման ներդրումային վարչության ձևավորում. գործառույթների շրջանակում է մարզերի և մայրաքաղաքի համար ներդրումային փաթեթների ստեղծումը:
* «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ ստեղծում, որը միտված է ոլորտում պետական փորձաքննության վերականգնմանը:
2. Քաղաքաշինական ծրագրեր
*ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքերի համալիրը՝ Վազգեն Սարգսյան թիվ 3 հասցեում. Համալիրը շահագործման կհանձնվի 2015 թվականի նոյեմբերին: Այստեղ կտեղակայվեն ԱԳՆ-ն և այլ գերատեսչություններ:
*Հին Երևան
Դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը ի դեմս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր են ստորագրել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2015 թվականի հունիսի 30-ը:
*Ջերմուկում` «Արփայի կիրճ»` հանգստի գոտու իրականացման ծրագիր:
*Ջերմուկում՝ HAYATT PLACE հյուրանոցային համալիրի կառուցում՝ ՍՊԱ կենտրոնով: Կառույցը շահագործման կհանձնվի այս տարվա առաջին կիսամյակում:
*Գորիսում` «Խելացի քաղաք»՝ պիլոտային ծրագրի իրականացում` միջազգային չափանիշներին և ազգային ճարտարապետական դպրոցի ավանդույթներին համահունչ:
*Արմավիրի մարզում` Մուսա լեռան հուշահամալիրի բարեկարգման ծրագիր:
3. Քաղաքաշինական նախաձեռնություններ, մրցույթներ, ցուցահանդեսներ
* 2014թ. հոկտեմբերի 6. առաջին անգամ Հայաստանում պետական մակարդակով նշվեց ճարտարապետի միջազգային օրը՝ հետայսու այն ամրագրելով որպես ճարտարապետի մասնագիտական օր:
* «Երևանյան ճարտարապետական Բիենալե-2014» համահայկական մրցույթ-ցուցահանդեսի կազմակերպում՝ 12 երկիր ներկայացնող 160 ճարտարապետների մասնակցությամբ: Այն կդառնա ավանդական՝ կազմակերպվելով երկու տարին մեկ:
* Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները» խորագրով երիտասարդական միջազգային գիտաժողովի կազմակերպում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ:
* «Սերունդների երկխոսություն» համաժողով՝ քաղաքաշինության նախարարություն-ՀՃՇԱՀ-Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (Ծաղկաձոր):
* «Հայկական տուն» ճարտարապետական բաց մրցույթի 1-ին փուլի իրականացում. Մրցույթի շրջանակում հայկական տարբեր բնակավայրերի ավանդույթներին և տեղանքին բնորոշ՝ տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ նախագծերի ներկայացումը կլինի շարունակական:
* Քաղաքաշինության նախարարություն-Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան համագործակցության շրջանակում 2015-ին մեկնարկել է «Հայկական տուն-Հայկական գյուղ» պայմանական անունը կրող նախագիծը՝ ՌԴ վաստակավոր շինարար, «Մոնարխ» ընկերության ղեկավար Սերգեյ Համբարձումյանի աջակցությամբ:
Նախագծի նպատակը ճարտարապետ ուսանողների ակտիվ ներգրավմամբ Հայաստանի բնակավայրերն (ներառյալ՝ Արցախը) ուսումնասիրելով մինչ այժմ պահպանված առանձնահատուկ ճարտարապետական լուծումներով տների կամ թաղամասերի նախատիպերի հիման վրա, վերջիններիս ինքնատիպությունը շեշտող բաղկացուցիչ տարրերի (թոնիր, մառան և այլն) օգտագործմամբ տիպային նախագծերի մշակումն ու իրականացումն է, ապա նաև՝ կոնկրետ բնակավայրի կամ՝ դրա առանձին հատվածի վերակառուցման օրինակով՝ պիլոտային ծրագրի կյանքի կոչումը:
* «Տարվա նախագիծ և կառույց-2015» ամենամյա մրցույթ-ցուցահանդեսի կազմակերպում (2015 թվականի դեկտեմբերի 5-ից 15-ը): Մրցույթ-ցուցահանդեսի նպատակն է` մրցույթին նախորդող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված լավագույն կառույցների կամ նախագծային առաջարկների բացահայտումը՝ բնագավառի զարգացումն ապահովող նորարարական մոտեցումների և գաղափարների ներառմամբ։
* ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մշակել և կիրառության մեջ է դրել բնակելի տների նախագծերի, բնակելի տների կառուցապատման էներգաարդյունավետ նախագծերի և փոքր ու միջին ձեռնարկությունների ենթակառուցվածքների օբյեկտների մշակված և փորձաքննություն անցած նախագծերի կատալոգները:
Այս նախագծերի ընտրությամբ կառուցապատողը կատարում է ժամանակի և ֆինանասական միջոցների խնայողություն, իսկ ՏԻՄ մարմիներից 3-օրյա ժամկետում ստանում է շինարարության թույլտվություն:
*Կարեն Դեմիրճյանի հիշատակին նվիրված «Ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի բացում:
* ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արմեն Զարյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գծագրեր և նախագծեր» խորագիրը կրող ցուցահանդեսի բացում:
4. Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ
* Պոլսահայ-իտալահայ տաղանդավոր ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը (մարտի 15), Իտալիայից Հայաստան ժամանած Լևոն Կյուրեղյանի թոռան՝ իտալահայ ճարտարապետ Արմեն Կյուրեղյանի և Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքապետի տեղակալ` Ֆրանկո Դալլա Ռոզայի մասնակցությամբ:
* Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` Արևմտյան Հայաստանի տարածքում 1915 թվականից հետո ոչնչացված հայ ճարտարապետական ժառանգությանը վերաբերող «Եղեռն Եղեռնից հետո» վերնագիրը կրող փաստավավերական, եռալեզու գիրք-ալբոմի հրատարակություն՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ղեկավար՝ Սամվել Կարապետյան) և «Մոնարխ» ընկերության հետ համատեղ: Գրքի էլեկտրոնային տարբերակը պատրաստ է, գիրքն արդեն տպարանում է:
* Քաղաքաշինության նախարարություն-Վենետիկի Մխիթարյան միաբանություն-Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համատեղ նախաձեռնությամբ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայկական պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովի անցկացումը Վենետիկ, Սուրբ Ղազար կղզում (մայիսի 10-13):
Ինչպես նաև՝ Մեծ Եղեռնը վերապրած հայ ճարտարապետների 3 սերունդների ստեղծագործությունները ներկայացնող «Վերապրածները» խորագրով ցուցահանդեսի բացում՝ Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանի ցուցասրահում՝ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների կողմից (նախարարի տեղակալ Ա. Բադալյան, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Ա. Գրիգորյան):
*Կոնստանդնուպոլսի բազմաթիվ բարձրարժեք և հայտնի շենքերի հեղինակ Պալյան ճարտարապետական գերդաստանի արխիվի (նախագծեր, լուսանկարներ, գրավոր նյութերի) ձեռքբերում:
5.Գերատեսչական պարգևներ
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում հիմնվել են`
*«Տրդատ Ճարտարապետ» ոսկե մեդալ՝ իրականացված լավագույն ճարտարապետական կառույցի համար:
*«Մոմիկ Ճարտարապետ» ոսկե մեդալ՝ ճարտարապետության պատմությանն ու տեսությանը, հայկական ճարտարապետական հուշարձանների վերակագնման հարցերին, հայ նշանավոր ճարտարապետների կյանքին ու գործունեությանը նվիրված լավագույն գիտահետազոտական աշխատանքի, տպագիր հրատարակության համար:
6.Իրացման տարածքների բնակիչների բնակապահովման խնդիրներ
Կոնդ
Կոնդ թաղամասի վերակառուցման համատեքստում դեռ 2007 թ. պետական գերակա շահ ճանաչվելու հետևանքով անօթևան մնացած 100-ից ավելի ընտանիքների բնակապահովման հարցի լուծման նպատակով Երևանի Պարոնյան 42/1 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցում: Շինարարությունը կտևի մոտ մեկ ու կես տարի:
33-րդ թաղամաս
Ֆիրդուսի թաղամասի բնակիչների բնակարանային խնդիրների լուծման տարբերակների ընթացիկ փուլ՝ թաղամասի կառուցապատման նախագծի լրամշակման համատեքստում:
7.Օրենսդրական նոր նախաձեռնություններ
1. «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը` մշակվել է Հայաստանի ճարտարապետների միավորման հետ համատեղ և ներկայացվել շահագրգիռ մարմինների քննարկմանը: Նախագիծն ուղղված է նպաստելու ճարտարապետական գործունեության մասնագիտական որակի բարձրացմանը, բնագավառում առողջ մրցակցության ստեղծմանը, մասնագիտական էթիկայի, ճարտարապետի հիմնական իրավունքների ու պարտականությունների սահմանմանը:
2. «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը, որի կարևոր նպատակներից է «Փոքր կենտրոնի» գերուրբանիզացման միտումների կանխարգելումը` քաղաքաշինական, հողօգտագործման, ինչպես նաև ֆինանսական/տնտեսական լծակների կիրառմամբ այնպիսի պայմանների սահմանման միջոցով, որոնք թույլ կտան կառուցապատողների ներդրումային նախաձեռնություններն ուղղել դեպի Երևանի այլ տարածքներ: Այս օրենքի շրջանակում ներառվել է նաև կենտրոնի կիսակառույցների և մանսարդների հարցը:
3. «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի նիստում: Այն նպատակաուղղված է քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի հետևողական բարելավմանը, կառուցապատման ընթացակարգերի հետագա կանոնակարգմանն ու պարզեցմանը:
4. ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1193-Ն որոշմամբ կանոնակարգվել է քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում կառուցապատողի կողմից ընդհանուր օգտագործման տարածքների զբաղեցման և փաստացի օգտագործման խնդիրը, կառուցապատողի և համայնքի ղեկավարի միջև ծագած հարաբերությունները, միաժամանակ` խթանելով շինարարության ժամկետների պահպանումը:
5. ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի N 1116-Ն որոշմամբ սահմանվել են Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքից բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) խմբերը և կարգավորվել են այդ շենքի բնակարանների բաշխման և հատկացման հետ կապված հարաբերությունները:
6. «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ կարգավորվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու գործընթացը: Հստակեցվել են բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի պայմանները: Ծրագրի իրականացման արդյունքում առկա 266 բնակարանից բաշխվել է 243 բնակարան և ավտոկայանատեղ, ազատ մնացել` 23 բնակարան և ավտոկայանատեղ, մնացած բնակարանների բաշխման գործընթացը շարունակվում է:
7. «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում կատարված փոփոխությամբ առաջարկվել է վերականգնել ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը: Նախագիծը ՀՀ կառավարության կողմից արժանացել է հավանության և այժմ գտնվում է ՀՀ Ազգային Ժողովում:
8.Քաղաքաշինության նախարարության շարունակական ծրագրային գործունեություն
Աղետի գոտի. բնակապահովման ծրագիր
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N1151-Ն որոշմամբ ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված 1.5 մլրդ դրամ միջոցների հաշվին Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված, սակայն ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները դեռևս չբարելաված 223 ընտանիքների հնարավորություն է ընձեռվել բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ լուծելու իրենց բնակարանային խնդիրները:
Որոշման համաձայն ԲԳՎ ստացած ընտանիքների 68.6%-ը ձեռք են բերել բնակարան (բնակելի տուն):
Բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված մոտ 631 ընտանիքների խնդիրը նախատեսվում է լուծել 2015-2016 թթ.:
9. Շինարարության և ինժեներատեխնիկական ոլորտ
Կրթամշակութային և մարզական օբյեկտներ
* Շինարարության ոլորտում 2015 թվականի ընթացքում կարևորվում է կրթական, մարզական, մշակութային և առողջապահական օբյեկտների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների շարունակականությունը, ինչը կնպաստի նշված ոլորտների վերազինմանը և անհրաժեշտ ծառայությունների մատուցման մակարդակի էական բարձրացմանը:
Շինարարության ոլորտին նախորդ տարիների ՀՀ պետական բյուջեից հատկացումների սահմանափակ լինելը, քաղաքաշինական օբյեկտների գերակշիռ մասի ֆիզիկապես և բարոյապես մաշվածության բարձր աստիճանը և ոլորտային այլ բազմաբնույթ խնդիրները տարիներ շարունակ խոչընդոտել են հիմախնդիրների լիարժեք իրագործման գործընթացին:
ՀՀ քաղաքաշինության նախարարության որդեգած բյուջեի ձևավորման նոր ռազմավարական մոտեցումների շնորհիվ կարևորվում է շինարարության ընթացքի և տևողության վրա իրավական ակտերով սահմանված ժամկետների կիրառումը և երկար տարիներ շարունակական բնույթ կրող օբյեկտները ավարտին հասցնելը: Մշակված նոր ռազմավարության ներքո գոյություն ունեցող շինօբյեկտներում հիմնանորոգման խնդիրները փոխարինվել են ավելի ծախսատար ու մեծածավալ, սակայն առավել հուսալի միջոցառումներով: ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ուսումնասիրել է վերջին տարիներին պետական բյուջեով իրականացված շինարարական ծրագրերի մոտեցումներն ու քաղաքականությունը և նախագծում հնարավորինս պակասեցրել նոր օբյեկտների քանակը, փոխարենը լուծելով երկար տարիներ ձգձգվող շարունակական աշխատանքները ավարտին հասցնելու խնդիրը:
Հավաքագրվել է պետական ու համայնքային սեփականության շուրջ 229 կիսակառույց օբյեկտ` ավելի քան 140000 քմ մակերեսով: Ներկա փուլում ընթանում է կիսակառույցների տեխնիկական վիճակի ուսումնասիրման գործընթացի կազմակերպման աշխատանքները, որից հետո յուրաքանչյուր կառույցի համար տրվելու է հետագա շահագործման վերաբերյալ եզրակացություն:
Ակնկալվում է առաջիկա երկու տարվա ընթացքում յուրաքանչյուր մարզում ունենալ սոցիալական բնակարանային ֆոնդ` մարզի տարբեր սոցիալական խմբերի շահառուներին տրամադրելու համար:
Ավարտին են հասցվել Աշտարակի և Մասիս քաղաքների մարզադպրոցները:
2015 թվականին նախատեսվում է ավարտել «Տորք Անգեղ» մարզական միության շենքը, Սպիտակ քաղաքի թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոցի ըմբշամարտի դահլիճի կառուցումը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի մանկապարտեզի շենքի կառուցումը:
*ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ ՊՆ ԶՈՒ Տավուշի մարզի սահմանային հենակետեր կատարած այցից հետո նախարարությունը պարբերաբար անհրաժեշտ շինարարական նյութերով օժանդակել է սահմանային դիրքերի ամրացմանը:
10. Այցելություններ՝ ՀՀ մարզեր և ԼՂՀ
Հաշվետու շրջանում կատարվել են մի շարք մարզային այցելություններ`
*Շիրակի մարզ, Գյումրի, որտեղ ՀՀ քաղաքաշինության նախարարի, ոլորտի այլ պատասխանատուների անմիջական մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ աղետի գոտու անօթևանների բնակարանային խնդրի լուծման վերաբերյալ:
*Տավուշի մարզ, Դիլիջան` իրականացվող քաղաքաշինական ծրագրերը և կառուցապատման առաջարկները տեղում դիտարկելու և քննարկելու նպատակով: Կարևորվում է Դիլիջանի տարածքային զարգացման և քաղաքի ճարտարապետական դիմագծի պահպանման խնդիրը:
*Վայոց ձորի մարզ, Ջերմուկ` իրականացվող քաղաքաշինական զարգացման ծրագրերի ընթացքն ու կառուցապատման նոր առաջարկները (մասնավորաբար` ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մշակվող` Արփայի կիրճը որպես հանգստի գոտի վերակառուցելու ծրագիրը) դիտարկելու նպատակով:
*ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս՝ քննարկվել են քաղաքաշինական հիմնախնդիրների, կառուցապատման ու բարեկարգման, ինչպես նաև Գորիսի պատմական կենտրոնի վերակառուցման (արտաքին ճակատների հարդարում, մանր ճարտարապետական դետալների վերստեղծում),Գորիս գյուղի պատմական արգելոցի բարեկարգման և տուրիզմի զարգացմանը նպաստող պատմական միջավայրի վերստեղծմանն ուղղված հարցեր։ Անդրադարձ ՄԱԿ-ի «Խելացի քաղաքներ, կանաչ ճարտարապետություն» ծրագրին:
* ՀՀ Լոռու մարզ՝ Ալավերդի, Ախթալա և Սպիտակ` տեղում քննարկել են աղետի գոտում կատարված-կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև՝ Լոռու մարզում իրականացվելիք ներդրումային-քաղաքաշինական ծրագրերը:
* ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակության այցը ԼՂՀ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերով (նոյեմբերի 4-5) նախարարության պատվիրակությունը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ այցելել է Արցախի Հանրապետություն` քննարկելու քաղաքաշինական խնդիրներ, այդ թվում, ինչպես Ստեփանակերտի գլխավոր հատակագծի արդիականացման հարցը, այնպես էլ՝ Արցախում մի շարք քաղաքաշինական ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շրջանակային համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ, որն իր մեջ կներառի քաղաքաշինական պլանավորման, տարածքների հատակագծման փաստաթղթերի, գոտիավորման նախագծերի իրականացման հարցում լուրջ աջակցություն տրամադրել Արցախի հանրապետությանը՝ Հայաստան-Արցախ քաղաքաշինական անվտանգության հայեցակարգի մշակման սկիզբը դնելով:
11. Հ/Կ-ների հետ համագործակցություն
*Սերտ համագործակցություն՝ մասնագիտական Հ/Կ-ների՝ Հայաստանի ճարտարապետների միության, Հայաստանի շինարարների միության հետ:
*Հ/Կ-ների և ԶԼՄ-ների կողմից բարձրացված թեմաներին արձագանքելով ՀՀ քաղաքաշինության նախարարի հանձնարարությամբ գործընթաց է սկսվել հանրապետությունում գործող մշակութային օբյեկտները` հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելուն: Այս համատեքստում ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ տարածքում գործող մշակութային օջախներում: Տվյալների հավաքագրումից հետո դրանք համադրվել են խնդրով զբաղվող Հ/Կ-ների ունեցած տվյալների հետ:
*Հասարակության բոլոր անդամների համար մատչելի միջավայր ձևավորելու և հարցին հիմնարար լուծում տալու նպատակով քաղաքաշինության նախարարություն-Հ/Կ-ներ համագործակցությամբ համատեղ ծրագիր է մշակվել:
Հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծման քաղաքականության զարգացման նպատակով նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրվել և կազմվել է խոշորացված նախահաշիվ Ալեքսանդր Սպենդարյանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյան համերգասրահի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության պետական թանգարանի, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց մատչելի (արտաքին և ներքին թեքահարթակների, վերելակների, սանհանգույցների ստեղծմամբ) դարձնելու առումով: Նշված խնդրին լուծում տալու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Արդյունքում` կառավարության ղեկավարի հանձնարարությամբ ՀՀ կառավարական տուն 3-ի համար կհատկացվի 40.0 մլն դրամ գումար, իսկ վերը նշված հինգ շինությունների համար գումար կնախատեսվի 2016թ. բյուջեի հիմնական մուտքերից:
12.Արտաքին կապեր, մասնակցություն` միջազգային կառույցների աջակցությամբ իրականացվող և իրականացվելիք ծրագրերին, մասնագիտական խորհրդատվություն
Այց ՌԴ Մոսկվա քաղաք
* ՌԴ Մոսկվա քաղաքում կայացած Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների համաժողովի (նոյեմբերի 24-25) շրջանակում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային-կոմունալ ենթակառուցվածքների նախարար Միխայիլ Մենի միջև, որի ընթացքում քննարկվել են շինարարության բնագավառում լիցենզիաների փոխադարձ ճանաչման, տեխնիկական նորմավորման և այլ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կնախապատրաստեն երկու նախարարությունների միջև համագործակցության ուղիների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր: Պայմանավորվածության համաձայն 2015 թվականի մարտին արդեն ՌԴ շինարարության և բնակարանային-կոմունալ ենթակառուցվածքների նախարարություն է ուղարկվել համաձայնագրի հայկական կողմի տարբերակը:
*2014 և 2015 թթ. (հոկտեմբերի 13-14 և ապրիլի 9-11) ՄԱԿ ԵՏՀ-ի և ՄԱԿ Հաբիթաթի աջակցությամբ Երևանում «Քաղաքների պլանավորման, կայուն բնակարանային տնտեսության և աղետների ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» խորագրով համաժողովի կազմակերպում` այնուհետև համաժողովի մասնակիցների հետ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում «Խելացի քաղաք» ծրագրի իրականացմանը նվիրված քննարկումների անցկացում, «Խելացի քաղաքային լուծումներ անցումային և զարգացող եկրների համար (Smart city)» նախագծի ծրագրային առաջարկի մշակում:
*Հայաստան-ՄԱԿ համագործակցություն` «Հետ-Ռիո+20»` համաշխարհային գործընթացի շրջանակում ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին` կայուն քաղաքներ-կանաչ ճարտարապետության զարգացում հիմնական սկզբունքների կիրառմամբ:
* ԵԽ-ի հետ համագործակցության շրջանակներում` Լանդշաֆտային կոնվենցիա, տարածական պլանավորման համար պատասխանատու նախարարների կոնֆերանս (CEMAT, UNEC և այլն) հանդիպումների, սեմինարների և պիլոտային ծրագրերի իրականացում:
* Համագործակցություն Գերմանական KFW բանկի «Վերականգնման վարկերի բանկ»-երի փորձագիտական խումբ-դպրոցական շենքերի էներգախնայողություն-վերանորոգում ծրագրի շրջանակում:
*Մասնակցություն Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների տարածական պլանավորման համար պատասխանատու նախարարների 16-րդ կոնֆերանսին (CEMAT) և Ավագ պաշտոնյաների կոմիտեի (CEMAT-CSO) 97-րդ նիստին` Հունաստանի Նաֆպլիոն քաղաք: Թեման` հանրային մասնակցությունը տարածական պլանավորման ոլորտում:
*Հաբիթաթ 3-րդ ազգային զեկույց-2016, Նյու-Յորք: ՀՀ ազգային զեկույցի նախապատրաստական աշխատանքներ:
*ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի և Գլոբալ Էկոլոգիական ֆոնդի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարութան հետ համատեղ իրականացվող «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի համակարգման աշխատանքներ:
*2015 թվականին (մարտի 13) ՀՀ քաղաքաշինության նախարարության և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր` մատչելի բնակարանային շինարարության, սոցիալական բնակարնային ֆոնդի ինստիտուտի ներդրման, բազմաբնակարան շենքերի շահագործման, սպասարկման, պահպանման, աղետների հետևանքով վնասված բնակարանային ֆոնդի բնակիչներին աջակցության տրամադրման և հետևանքների ազդեցության նվազեցման հարցերի շուրջ:
13.Կոլեգիայի նիստերին հավանության արժանացածւ հարցեր
* ՀՀ քաղաքաշինության նախարարին կից ընդլայնված կոլեգիայի նիստում քննարկվել է Նալբանդյան-Թումանյան հրապարակը ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի անունով կոչելու վերաբերյալ «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագրի առաջարկը: Այդ համատեքստում ՀՀ քաղաքաշինության նախարարությունը դիմել է Երևանի ավագանուն՝ հարցի քննարկման համար:
* Հայ ճարտարապետների աշխատանքների հանրահռչակումն ու ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով քաղաքաշինության նախարար Ն. Սարգսյանը հանձնարարել է նախարարության ենթակայության տակ գործող Ճարտարապետության ազգային և Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտների տնօրեններին՝ պատրաստել հանրապետության մարզերում արժեքավոր և ուշագրավ շենքերի վերաբերյալ տեղեկանք, որը կներառի շենքերի հեղինակների անունները և կառուցման տարեթվերը՝ այդ շենքերի վրա նրանց անունները փորագրելու համար:
* Քննարկվել է Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ առաջարկություններ: