ՎԱՐՊԵՏԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔ
Սկզբնաղբյուր http://armworld.am/detail.php?paperid=5027&pageid=154171&lang=
14.03.2015; armworld.am
Երեկ «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբը բացառիկ մարդկանց էր հյուրընկալել. ցեղասպանությունը վերապրած իտալահայ ճարտարապետ Լեւոն Կյուրեղյանի թոռը` նույնպես ճարտարապետ ԱՐՄԵՆ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԸ, Իտալիայի Ազոլո քաղաքի փոխքաղաքապետ ՖՐԱՆԿՈ ԴԱԼԼԱ ՌՈԶԱՆ, ինչպես նաեւ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Առիթն այսօր ժամը 15-ին թանգարան-ինստիտուտում մեկնարկող Լեւոն Կյուրեղյանի աշխատանքների բացառիկ ցուցահանդեսն է, որի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար էլ հյուրերը Իտալիայից ժամանել են Երեւան: Ցուցահանդեսի նախաձեռնողը քաղաքաշինության նախարարությունն է, որը անմասն չի մնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից եւ մի շարք ծրագրեր է նախատեսել իրականացնել:
«Աշխարհի տարբեր երկրներում կան հազարավոր հայ ճարտարապետներ, որոնց մասին գրեթե ոչինչ չգիտենք: Նրանց մեծ մասը եղեռնը վերապրած ու մազապուրծ եղած սերնդի ներկայացուցիչներ են: Քաղաքաշինության նախարարությունը ստանձնել է այդ մարդկանց մասին տվյալների հավաքման, նրանց գործունեության, ժառանգության ուսումնասիրման, պահպանման ու դրանք կատալոգներով հրատարակելու գործը, որը կիրականացվի ամբողջ տարվա ընթացքում»,- ասաց Աշոտ Գրիգորյանը։
Այդ միջոցառումների շարքում են նաեւ նախարարության եւ Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնած Յոզեֆ Ստրժիգովսկու «Հայերի ճարտարապետությունը եւ Եվրոպան» գրքի երկրորդ հատորի ռուսերեն հրատարակումը, Սամվել Կարապետյանի ուսումնասիրությունների հիման վրա գրված «Եղեռն եղեռնից հետո» գրքի նոր հրատարակությունը, թանգարան-ինստիտուտում Երեւանում նախատեսված նոր եկեղեցու նախագծերի միջազգային մրցութային աշխատանքների ցուցադրությունը:
Իսկ մայիսին Մխիթարյան միաբանության, քաղաքաշինության նախարարության եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի համատեղ նախաձեռնությամբ Վենետիկում կանցկացվի միջազգային գիտաժողով, որի ժամանակ Եղեռնը վերապրած հայ ճարտարապետների ստեղծագործությունների մեծ ցուցադրություն է նախատեսվում: Այնուհետեւ այդ ցուցահանդեսը կշրջի Հայաստանով ու Արցախով մեկ:
Լեւոն Կյուրեղյանի ցուցահանդեսը փաստորեն կազդարարի այդ միջոցառումների մեկնարկը:
Ճարտարապետի գործերն առաջին անգամ են իր հայրենիքում ցուցադրվելու: Մինչ օրս դրանք հասու չեն եղել հայ հանրությանը: Ավելին՝ անգամ նրա անունը շատ քչերն են լսել` թերեւս միայն մասնագիտական շրջանակներում, մինչդեռ հայ ճարտարապետն իր նշանակալի ներդրումն է ունեցել Ստամբուլի, Բուլղարիայի, Իրանի եւ Ազոլո քաղաքի ճարտարապետության զարգացման մեջ` դառնալով մի շարք յուրահատուկ շինությունների նախագծերի հեղինակը:
Բավական է ասել, որ Բուլղարիայի Վառնա քաղաքի օպերայի շենքի հեղինակը հայազգի վարպետն է։ Մասնակցելով այդ շենքի նախագծի համար հայտարարված միջազգային մրցույթին` նա առաջին մրցանակն է շահել եւ իր ուրույն ձեռագիրը թողել ծովափնյա այդ քաղաքում:
Բացի դրանից, նա հեղինակել է Թաքսիմի մոտ գտնվող Կյուրեղյան բնակելի շինությունը, Թորինոյի միջազգային ցուցահանդեսի Օսմանյան Կայսրության շենքը, Վիլլա Արարատը Ազոլոյում եւ այլն: Ստեղծագործական բեղուն գործունեության ընթացքում Լեւոն Կյուրեղյանը նախագծել ու կառուցել է բազմաթիվ մենատներ, պալատներ, կրթամշակութային եւ հասարակական շենքեր, հոգեւոր կառույցներ՝ եկեղեցի, մատուռ, եւ այլ բազմապիսի շինվածքներ:
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, խոսելով Լեւոն Կյուրեղյանի մասին, նշեց, որ նա պոլսահայ ճարտարապետների մեջ առանձնանում է իր ուրույն ձեռագրով ու դժվարին ճակատագրով։ Չնայած դրան, Հայաստանում նրան նոր են բացահայտում. «Նրա մասին մենք գրեթե ոչինչ չգիտեինք: Միայն հայտնի էր, որ 1950-ականներին Խորհրդային Հայաստանի իշխանությունները նրան հրավիրել են Հայաստանում ապրելու, սակայն նա վատառողջ լինելով՝ ֆիզիկապես չէր կարող գալ եւ այդպես էլ իր մահկանացուն կնքում է օտար հողում: Ու վերջապես կարողացանք ծանոթանալ նրա ժառանգությանը, նրա ստեղծագործությունների նախագծերին, այդ ամենը բերել Հայաստան եւ տպագրել մեկ կատալոգում»:
Ներկայացնելով իր մեծ հորը բաժին ընկած ճակատագիրը` Արմեն Կյուրեղյանը պատմում է, որ նա ծնվել է 1871թ. Կոստանդնուպոլսում: Հետագայում մասնագիտական ուսում է ստացել Հռոմում եւ որպես ճարտարապետ վերադարձել է Պոլիս: Այնտեղ բազմաթիվ շինությունների հեղինակ է դարձել: Սակայն համիդյան ջարդերից առաջ մազապուրծ է եղել եւ ապաստանել Բուլղարիայում` զգալով հայ ժողովրդի վերահաս ողբերգությունը:
Իսկ Բուլղարիայից էլ տեղափոխվել է հարազատ Իտալիա` հանգրվանելով Ազոլո քաղաքում. «Մեծ հայրս Ազոլոյում եղել է դեռ այն ժամանակ, երբ Հռոմում ուսանող էր: Առաջին իր ծանոթությունն այդ քաղաքի հետ այդ ժամանակ է եղել: 1895-ին նրան հաջողվեց փախչել Համիդյան ջարդերից եւ ապաստան գտնել Բուլղարիայում, որից հետո էլ հանգրվանեց Իտալիայում: Լինելով նորից Ազոլոյում` սիրեց այն ու մնաց այնտեղ` հոգու խորքում թաքուն երազանք ունենալով Հայաստան գալու եւ փափագելով տեսնել իր երազանքների անկախ Հայաստանը»:
Ազոլոյում Լեւոն Կյուրեղյանի մասին հիմա էլ մեծ հարգանքով են խոսում, ինչը հավաստում է փոխքաղաքապետ Ֆրանկո Դալլա Ռոզան` ասելով, որ նա այդ քաղաքի համար շատ արժեքավոր գործեր է արել. «Քաղաքի ամենակարեւոր անձերից էր Լեւոն Կյուրեղյանը: Նա միայն ճարտարապետ չէր, այլեւ հրապարակախոս, գրող, լրագրող: Մենք հպարտ ենք, որ նա մեր քաղաքում է ապրել ու ստեղծագոծել: Ոչ միայն որպես ճարտարապետ, այլեւ որպես անձ միշտ իր կյանքը նվիրել է քաղաքին:
Ընդհանրապես Կյուրեղյան ընտանիքը լուրջ կարեւորություն ունի Ազոլո քաղաքի զարգացման գործընթացում: Նրա որդին եւ երեք թոռները նույնպես ճարտարապետներ են, քաղաքի շինարարական ու ճարտարապետական անցուդարձին աշխույժ մասնակցություն են ունեցել: Օրինակ՝ Արմեն Կյուրեղյանը Ազոլո քաղաքի թե՛ ստորգետնյա, թե՛ վերգետնյա ուրբանիզացիայի քաղաքաշինական ցանցի հեղինակներից մեկն է»,- ասաց պարոն Ռոզան։
Ազոլոյի քաղաքապետը, բարձր գնահատելով Կյուրեղյան ընտանիքի եւ մասնավորապես Լեւոն Կյուրեղյանի ներդրումը իրենց քաղաքի զարգացման գործում, հատուկ ուղերձ է ուղարկել հայ ժողովրդին, որում առաջիկա ցուցահանդեսը կարեւորում է հատկապես նրանով, որ իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում: Դա, ըստ քաղաքապետի, խորհրդանշական է, քանի որ ինքը` Լեւոն Կյուրեղյանը, այդ ցեղասպանության զոհերից մեկն է:
Լեւոն Կյուրեղյանը այդպես էլ մահանում է` չտեսնելով Հայկական հարցի լուծման վերջակետը: Չտեսնելով նաեւ անկախացած Հայաստանի Հանրապետությունը: Բայց փոխարենը ճարտարապետ թոռան միջոցով Հայաստանն այս տարի կհարստանա նրա թողած մշակութային ժառանգությամբ, քանի որ Կյուրեղյան ընտանիքը նախաձեռնել է վարպետի թողած ամբողջ ավանդը` գրքերը, ձեռագրերը, ջրաներկ աշխատանքները, բոլոր շրջաններում իրականացրած նախագծերը, գիտական աշխատանքների վերատպությունները, հասարակական գործունեության մասին վկայությունները, իբրեւ նվիրատվություն հանձնել ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի արխիվին:
Արխիվի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսին՝ Վենետիկում նախատեսված գիտաժողովի ժամանակ: