Բնակելի տների կառուցապատման գործընթացը դյուրացվում է, բայց այն լայն հնչեղություն չի ստանում. Ո՞րն է պատճառը
ՀՀ Քաղաքաշինության նախարարությունն արդեն մի քանի տարի է՝ փորձում է դյուրացնել բնակելի տների կառուցապատման գործընթացը: Հրապարակված են բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն անցած նախագծերը, որոնցից ընտրություն կատարելու դեպքում կառուցապատողը կխնայի և՛ ֆինանսական միջոցներ, և՛ ժամանակ: Թեպետ նախարարությունը դյուրացնում է գործընթացը, սակայն դրանց կիրառելիության արդյունքները գոհացուցիչ չեն: Ինչո՞ւ նախարարության նախաձեռնությունը լայն հնչեղություն չի ստանում: Թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանի հետ:
-Տիկին Ալավերդյան, նախ ներկայացրեք, թե ի՞նչ է իրենից ենթադրում օրինակելի նախագծերի կատալոգը:
-Առ այսօր ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մշակվել և կիրառման են ընդունվել մի շարք բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգներ` հաստատված և փորձաքննություն անցած աշխատանքային նախագծերով, ինչպես նաև շինարարության ընթացքը նկարագրող գործնական խորհրդատվական ձեռնարկներով:
Դրանք ներառում են բնակելի տների կառուցապատման համար նախատեսված 41 տեսակի նախագծեր, ինչպես նաև օժանդակ շինությունների նախագծեր, ասենք, ամառային խոհանոց և այլն: Նախագծերը 1-2 հարկանի տների համար են նախատեսված:
-Ինչո՞վ է պայմանավորված նման նախագծերի կատալոգների անհրաժեշտությունը:
-Անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ անհատ կառուցապատողին հնարավորություն է ընձեռվում ձեռք բերել անվճար, իր ճաշակին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան, փորձաքննություն անցած նախագիծ: Նախագծային առաջարկները ներկայացված են տեղական շինանյութերի կիրառմամբ, ճարտարապետահատակագծային սկզբունքային լուծումների և ճակատների հնարավոր այլընտրանքային մոտեցմամբ, միաժամանակ ստեղծելով նախապայմաններ` բնակավայրերում կառուցապատման միասնական ճարտարապետական լուծումներով միջավայր ձևավորելու համար:
Կարծում եմ, որ դա մեծ աջակցություն կլինի մեր բնակչության համար, որովհետև կխնայվեն ինչպես ֆինանսական միջոցներ, այնպես էլ ժամանակ:
Նման նախագծերի կառուցապատման թույլտվությունների տրամադրման ընթացակարգն էապես ավելի պարզ է: Շինարարության թույլտվությունը տրվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` եռօրյա ժամկետում: Այն համայնքներում, որոնք ունեն գոտևորման նախագծեր, ճարտարապետահատակագծային առաջադրանք էլ չի պահանջվում: Աշխատել ենք երկու ուղղությամբ` մի կողմից օրինակելի նախագծերի պատվիրում, մյուս կողմից ընթացակարգի հեշտացում:
-Եթե կառուցապատողն այս կատալոգից չի օգտվում, այդ դեպքում ինչպիսի՞ ընթացակարգ է նախատեսված: Այսինքն, մինչ քաղաքացիներին նման հնարավորություն ընձեռելը, ինչպիսի՞ գործընթաց էր:
-Եթե կառուցապատողը ոչ օրինակելի նախագծով է պատվիրում, այդ դեպքում պետք է դիմի առաջադրանք ստանալու համար: Դրա հիման վրա լիցենզավորված կազմակերպությանը նախագիծ պատվիրի, որը բավական գումար արժե: Կառուցվող օբյեկտի տեսակից ելնելով` պետք է ներկայացնի փորձաքննության: Իսկ եթե փորձաքննություն չի պահանջվում, ապա պետք է ներկայացնի նախագծողի երաշխավորագիր: Այնուհետև պետք է դիմի համայնքի ղեկավարին` նախագիծը համաձայնեցնելու և միաժամանակ շինարարության թույլտվություն ստանալու համար: Կատարողի նախագծերից ընտրելու դեպքում նշված գործընթացը շատ ավելի պարզ է: Կատալոգի մեջ ընդգրկված նախագծերը փորձաքննություն անցած, լիազոր մարմնի կողմից հաստատված նախագծեր են: Հետևաբար` համաձայնեցման փուլում նախագծային լուծումների մեջ առանձնապես խորանալու անհրաժեշտություն չկա:
-Բնակելի տների նախագծերի կատալոգը 2012 թվականից հասանելի է, մինչ այժմ ինչպիսի՞ արձագանք ունեք, կիրառելիության տեսանկյունից ինչպիսի վիճակագրություն կա:
- Վիճակագրություն ունենք և դա մեզ չի բավարարում: Կարծում էինք, որ այս նախագծերն ավելի լայն կիրառում պետք է ունենային: Տրամաբանական չէ հրաժարվել այսպիսի հնարավորությունից: Մեր մոնիտորինգի արդյունքներն ըստ մարզերի, շատ տարբեր ցուցանիշներ են արձանագրում: Ըստ մարզպետարանների ներկայացրած տվյալների` այս նախագծերի կիրառումը բավականաչափ մեծ տոկոս է կազմում Վայոց ձորի մարզում, կան մարզեր, որտեղ կամ շատ փոքր էր թիվը կամ ընդհանրապես կիրառություն չուներ: Թեև մենք աշխատում ենք հանրահռչակել նախագծերի կատալոգը` բայց կարծում եմ, որ հանրության շրջանում դեռևս տեղեկացվածության պակաս կա:
-Արդյո՞ք եղել են դժգոհություններ կամ առաջարկություններ կառուցապատողների կողմից, մի գուցե նոր տեսակի նախագծերի անհրաժեշտություն կա:
- Առաջարկներ եղել են, օրինակ, մի կին դիմել էր՝ ասելով, թե ընդհանուր նախագիծը հավանել է, բայց պատշգամբ չի ցանկանում: Մտածեցինք փոփոխություն կատարել օրինակելի նախագծերի կիրառումը կարգավորող իրավական ակտում, ընդլայնել հնարավորությունները: Եթե ցանկանում են մի կոնստրուկտիվ տարր փոփոխության ենթարկել, ապա դիմում են տեղական ինքնակառավարման մարմնին ու համաձայնեցնում: Այդպիսի հնարավորություն տրվում է, իհարկե, ողջամիտ սահմաններում: Ինչպես գիտեք, այս ծրագրում ճկուն մոտեցում է գործում արտաքին տեսքի և նյութի հետ կապված: Ասենք, ցանկանում են փոխել կտուրի գույնը և այլն:
Ի դեպ, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցությամբ 2013 թվականից շրջանառության մեջ ենք դրել բնակելի կառուցապատման էներգաարդյունավետ բնակելի տների օրինակելի նախագծերի կատալոգը, իսկ այս տարի փոքր և միջին ձեռնարկությունների օրինակելի նախագծերի կատալոգը:
-Ի՞նչ նախագծեր է ներառում փոքր և միջին ձեռնարկությունների օրինակելի նախագծերի կատալոգը և ի՞նչ սկզբունքով եք ընտրել նախագծերը:
-Քանի որ հարցը դիտարկում ենք գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից, հաշվի առնելով պահանջարկը, պատվիրեցինք նաև ոչ բնակելի նշանակության օբյեկտների նախագծերի կատալոգ: Այն իր մեջ ներառում է պահեստներ, ջերմատներ, գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամասեր, չորանոցներ, սառնարանային տնտեսության օբյեկտներ օբյեկտների նախագծեր: Այս նախագծերի ընտրությամբ նույնպես կառուցապատողը և՛ ժամանակ է խնայում, և´ ֆինանսական միջոցները: Ի դեպ, յուրաքանչյուր նախագիծ մոդուլային մոտեցմամբ է նախագծվել: Դա նշանակում է, որ մեկ հիմնական` (միավոր) մոդուլի տարաբնույթ համակցումների միջոցով կարելի ստանալ 150 քմ-ից մինչև 1500 քմ-ի համար նախատեսված նախագծեր: Մեր նպատակն է` բարելավել գործարար միջավայրի ցուցանիշերը, ավելի դյուրին դարձնել օբյեկտների կառուցումը:
-Այս ամբողջ գործընթացում ինչպիսի՞ ռիսկեր եք տեսնում:
-Կատալոգների մշակումից բխելու առումով ռիսկեր չեմ տեսնում, իրագործման պարագայում` ևս, բայց նախագծերի կիրառելիության փուլում կան խնդիրներ, որոնց մասին արդեն խոսեցինք: Մտածում ենք ինչպես գործընթացն ավելի աշխուժացնել, միգուցե ինչ-որ առարկայական մոտեցումներ են պետք, որովհետև տրամաբանորեն, սա լայն հնչեղություն պետք է ունենար: Դա մեզ մտահոգում է և պետք է ավելացնենք այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը: