Պետք է դուրս գալ ներդրողի թելադրանքից
Սկզբնաղբյուր http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20140823_17&flag=am
23.08.2014, www.hhpress.am
Տարածքների զարգացումը առաջնային խնդիր է
Երեկ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության վերջին երեք–չորս ամիսներին կատարած աշխատանքը։ Սա կարող ենք համարել նաեւ նախարարի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպում։
Ըստ նրա տեղեկատվության, այս ընթացքում մի շարք այցերով եւ քննարկումներով վեր են հանվել ոլորտում առկա հիմնախնդիրները, եւ նշվել են անհրաժեշտ մոտեցումները։ Բնական միջավայրի ճարտարապետական դեմքի պահպանում, ճարտարապետների եւ նախագծողների կարգավիճակներ։ Սրանք են հիմնական խնդիրները։
Այս խնդիրների լուծման համար նախարարությունը կրկին «սեղանի վրա» է դրել ճարտարապետության մասին օրենքի նախագիծը, որը մշակվել էր 2009 թ. եւ սառեցվել 2011–ին։ Ճարտարապետների միության հետ աշխատանքային մի շարք հանդիպումները նախարարին հիմք են տալիս ասելու, որ օրինագիծը շատ շուտով կներկայացվի կառավարություն։ Ո՞րն է օրինագծի էությունը։ Առաջ է քաշվում այն գաղափարը, որը ճարտարապետներն առանձին միավորում են, եւ նրա՛նք պետք է որոշեն, թե իրենց գործընկերն ի՞նչ որակավորում պետք է ունենա։ «Այսինքն՝ լիցենզիայի եւ որակավորման խնդրի լուծումը պետությունից պետք է անցնի ճարտարապետական նոր ստեղծվելիք միավորմանը կամ պալատին։ Գլխավոր գաղափարը դա է։ Եվ քանի որ բոլոր զարգացած երկրներն այդպիսի կառույցներով են գործում, մենք նույնպես գնում ենք այդ լուծմանը, որը կբերի ճարտարապետական նախագծերի որակի բարձրացմանը։ Իր հերթին կբերի նաեւ ճարտարապետ–ներդրող, ճարտարապետ–պետություն հարաբերությունների կարգավորմանը»,–ասաց նախարարը։
Նրա տեղեկացմամբ, այս տարի նախաձեռնվել է նաեւ երիտասարդ ճարտարապետների գիտաժողով (ճարտարապետների միջազգային օրվա առիթով), որը կդառնա համահայկական ճարտարապետական բիենալե, եւ, նախարարի ձեւակերպմամբ. «Յուրաքանչյուր երկու տարին մեկ Երեւանը կդառնա հայ ճարտարապետների այն հարթակը, որտեղ կցուցադրեն իրենց կատարած աշխատանքները, կլինեն սեմինարներ, մաստեր–կլասներ, երիտասարդները կցուցադրվեն, եւ մենք կհասկանանք, թե ինչ ուղղությամբ ենք գնում, եւ ճարտարապետության զարգացման հայկական պատմության այս շրջանում մեզ ինչ խնդիրներ են հուզում, ինչ քայլեր պետք է անենք, որ կարողանանք մեզ համար կարեւոր այս ոլորտը զարգացնել»։
Նարեկ Սարգսյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում ձեւավորվել են հիմնական խնդիրները, այդ թվում՝ շինարարության որակը, շինաշխատանքների գնագոյացումը, շինարարական մրցույթների անցկացման որակավորումը։ Այս խնդիրներին լուծում տալու նպատակով նախարարությունը ձեռնարկել է նոր կառույցի՝ Փորձագիտական պետական կենտրոնի ստեղծումը։ Բանն այն է, որ շուկայական գնագոյացումը եւ այսօր գործող նորմերն իրար չեն համապատասխանում։ Այս հակասություններով պայմանավորված հարցերը դարձել են Վերահսկիչ պալատի քննարկումների առարկա։ Ըստ նախարարի, դաշտում շատ որոշակի քայլեր են ձեռնարկվել, այդ թվում՝ շինարարական մրցույթներում որակյալ մասնակիցների ապահովման վերաբերյալ համապատասխան չափորոշիչների խստացման ուղղությամբ։ Նարեկ Սարգսյանը նշեց, որ իրենք կարեւորում են տարածքների զարգացումը, մեծ ուշադրություն են դարձնելու Երեւանից դուրս զարգացում ապահովող ներդրումային ծրագրերին՝ երկու խնդիր լուծելու նպատակով. բարելավել մայրաքաղաքից դուրս գտնվող բնակավայրերի միջավայրը եւ զարգացնել այն։ Փորձելու են հանրապետության մարզերում իրենց ճարտարապետությամբ տարբերվող բնակավայրերի համար մանրամասնորեն մշակել բազմաթիվ նախագծերի տեսակներ, որոնք կտրամադրվեն անվճար եւ կարող են բավարարել բնակիչների պահանջները։ Նախաձեռնությունը կիրականացվի «Հայկական տուն» ճարտարապետական բաց մրցույթի միջոցով։
Ըստ նախարարի, զգալի աշխատանքներ կկատարվեն Ախթալայում (միջազգային գյուղ), Ջերմուկում (Արփայի կիրճ), Աշտարակում, Դիլիջանում, Գյումրիում։
Անդրադառնալով աղետի գոտու՝ Գյումրիի, բնակարանային շինարարության ծրագրին՝ Նարեկ Սարգսյանը նշեց. «Մենք որոշեցինք (ուսումնասիրության եւ հարցումների հիման վրա), որ ճիշտ կլինի, որ պետությունը բնակարանների գնման վկայագրերով լուծի հարցը, քան թե կառուցվեն շենքեր, որովհետեւ քաղաքն ունի վաճառքի ենթակա բազմաթիվ բնակարաններ, եւ ավելի ճիշտ է գնել դրանք՝ աշխուժացնելով քաղաքի շուկան»։ Ասաց, որ այդ ծրագրի բոլոր պարամետրերը պատրաստ են ե՛ւ գյուղական, ե՛ւ քաղաքային վայրերի առումով, եւ գործընթացը շուտով կվերսկսվի։ «Կարծում եմ, որ մեր անելիքները շատ են լինելու այս երկու–երեք տարիների ընթացքում, եւ պիտի փորձենք բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ ունենալ հստակ մոտեցումներ եւ դրանցից թելադրված կառուցվածքային փոփոխություններ»,–ասաց նախարարը, նշելով, որ խոսքը մասնավորապես վերաբերում է նախարարությունում առաջին անգամ ստեղծված կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչությանը, որի նպատակը դուրս գալն է ներդրողի թելադրանքից։ «Այդ վարչությունում մշակելու ենք ներդրումային ծրագիրը, առաջ ենք ընկնելու պրոցեսներից եւ հետո արդեն լիարժեք նախագծով առաջարկներ ենք ներկայացնելու ներդրողներին»,–ասաց նախարարը։ Նա անդրադարձավ նաեւ գործընթացների պարզեցման անհրաժեշտությանը, որ ներդրողները ստիպված չլինեն «ծեծել բազմաթիվ դռներ»։ Անդրադարձ կատարվեց նաեւ Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին օրենքին, որով նախատեսվում են խստացումներ՝ կապված այդ տարածքում սահմանված չափորոշիչների խախտումների հետ։
Նարեկ Սարգսյանը գտնում է, որ իր ղեկավարած գերատեսչությունը բավական շատ անելիքներ ունի ոչ միայն քաղաքաշինությանը ուղղակիորեն վերաբերող խնդիրների առումով, այլեւ Հայաստանը մի շարք առումներով մրցունակ երկիր դարձնելու համար։ Նա մասնավորապես նշեց երկրում առկա ինժեներաշինարարական եւ նախագծային բարձրորակ կազմակերպությունների ուժերը հարեւան երկրներ արտահանելը եւ այլն։
Հարցին ի պատասխան, թե մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի հիմնանորոգումը ի՞նչ նոր բան կավելացնի կանաչով աչքի չընկնող փողոցին, Նարեկ Սարգսյանը նշեց, որ կընդարձակվի կանաչածածկ տարածքը՝ երկուսից երեք անգամ ավելի։ Նույնիսկ ծառեր են դրվելու։ Հասկանալի է՝ խոսքը փոքր ծառատեսակների մասին է։ Կարեւորություն է տրվելու ուղղաձիգ կանաչապատմանը, ինչը թույլ կտա մեղմել շենքերի «քարե մռայլությունը»։ Կտեղադրվեն քանդակներ եւ արձաններ։
Տարիներն անցնում են, իսկ «Հին Երեւան» ծրագիրը կյանքի չի կոչվում, քանի որ նախատեսված է իրականացնել մասնավոր ներդրումների միջոցով, մինչդեռ բիզնեսի առումով ներդրումները արդարացված չեն համարվում։ Ե՞րբ է հնարավոր վերջապես սկսել այդ շատ կարեւոր ծրագիրը։ «ՀՀ»–ի այս հարցին Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ դրված է հարցի լուծման երկու տարբերակ. առաջին՝ ավելի քան 2 հա տարածքը բաժանել հինգ լոտերի, եւ առաջարկել տարբեր կառուցապատողների՝ համաձայն ընդհանուր նախագծի կառուցապատման համար, երկրորդ՝ ամբողջ տարածքը ներկայացնել մեկ լոտով, մեկ կառուցապատողի. «Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, բանակցություններ ենք վարում։ Ինքս եմ ակտիվ զբաղված այդ հարցով։ Կարծում եմ, ոչ ուշ, քան մինչեւ սեպտեմբերի կեսերը մենք կունենանք վերջնական որոշումը, թե որ ճանապարհով ենք գնալու։ Ամեն դեպքում կարող եմ վստահ ասել, որ Աֆրիկյանների շենքի տեղափոխումը «Հին Երեւանի» տարածք լինելու է առաջիններից մեկը։ Տեղը նախապատրաստված է, տարածքը՝ իրացված, մնում է տարբերակի ընտրությունը»։
Քաղաքում կիսակառույցների վիճակի մասին հարցին քաղաքաշինության նախարարը դժվարացավ պատասխանել. «Երիտասարդական պալատը չի կառուցվում, «Սեւան» հյուրանոցը չի կառուցվում... Այս խնդիրը մենք բարձրացրել ենք, եւ ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ խնդրի լուծմանը հետամուտ ենք լինելու... Վերջին ամսում այլ քայլ էլ ենք արել. կառավարություն ենք ներկայացրել առաջարկություն, որ շինհրապարակների համար, որոնք տարիներ շարունակ զբաղեցնում են մայթերը եւ հանրային տարածքները, կառուցապատողները վարձակալության լուրջ գումարներ վճարեն կամ էլ կառույցները ավարտին հասցնեն։ Որ կա խնդիրը՝ միանշանակ է։ Չնայած սեփականատերերի հետ աշխատանք կատարում ենք, բայց այս մասով աշխատանքը համարում եմ ոչ բավարար»,–ասաց նախարարը։