Կայացավ «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ խորհրդի հերթական նիստը
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ մարտի 18-ին կայացած «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ խորհրդի հերթական նիստը հիմնականում անդրադարձավ տարբեր բնույթի կազմակերպչական և օպերատիվ լուծումներ պահանջող հարցերի:
Խորհրդի նախագահ` ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին զեկուցվել է, որ դեռևս 2013 թ. ապրիլին մեկնարկած Վ. Սարգսյան 3 հասցեում կառուցվող կառավարական շենքերի նոր համալիրի շինարարական աշխատանքներն ընթանում են ծրագրով նախատեսված ժամկետներին համապատասխան: Արդեն ավարտված են մասնաշենքերի հիմնակմախքի շինարարական աշխատանքները, այժմ ընթանում են ինժեներական հաղորդակցուղիների մոնտաժային, ինչպես նաև քարե սալիկներով արտաքին ճակատների երեսպատման աշխատանքները: Նախատեսվում է մինչև ամսվա վերջ ավարտին հասցնել կառույցի կարկասի աշխատանքները:
Շինարարությունը նախատեսված է ավարտել 2015 թվականի վերջին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ` 2013 թվականի մարտի 29-ին «Տանգո» ընկերության դուստր «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ բաժնետոմսերը փոխանցման հանձնարարագրով հանձնվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Ընկերության կառավարումն արդյունավետ կազմակերպելու նպատակով` կառավարության որոշմամբ ստեղծվել է խորհուրդ, որը գլխավորում է քաղաքաշինության նախարարը: Խորհրդում ընդգրկված են Երևանի քաղաքապետի տեղակալը, ֆինանսների նախարարի խորհրդականը, արդարադատության նախարարի տեղակալը, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալը, քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի տնօրենը:
Կառավարական 2-րդ մասնաշենքում գտնվող նախարարությունների համար կառուցվում է նոր համալիր` Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող 0,5081 հեկտար հողամսի տարածքում, շինաշխատանքներն իրականացնում է «Սպիտակ Տնակ» ՍՊԸ-ն, իսկ նախագծային ընկրությունն է` «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ն: