ՀՀ քաղաքաշինության նախարարը Տաթեւ համայնքում
“Տաթեւ” զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական, “Տաթեւ” վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը դեկտեմբերի 18-ին այցելեց Տաթեւ գյուղական համայնք:
Տաթեւ համայնքում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ինքնակամ կառուցապատման եւ օրենսդրական պահանջների խախտումներով հողամասերի հատկացման հարցերը, որոնք ժամանակին քննարկման առարկա են դարձել նաեւ “Տաթեւ” զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովում: Նախարար Ս. Թադեւոսյանն ընդգծեց այդ խնդիրների կարգավորման կարեւորությունը` հատկապես “Տաթեւ” վանական համալիրի պահպանական գոտում: “Պետության կողմից կառուցապատման չափորոշիչների հստակ սահմանումը հնարավորություն կստեղծի տեղացի եւ օտարերկրյա ներդրողներին այս տարածքում իրականացնել լայնածավալ եւ հեռանկարային շինարարական ծրագրեր”,- նշեց պարոն Թադեւոսյանը` քաղաքաշինական խնդիրների կարգավորման գործում կարեւորելով համայնքի անմիջական մասնակցությունը:
Քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու առաջարկները ներկայացրեցին Տաթեւ եւ Տանձատափ համայնքների ղեկավարները:
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ “Տաթեւ” զբոսաշրջային կենտրոնն ընդգրկում է “Տաթեւ” վանական համալիրը եւ հարակից` Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթեւի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի, Բարձրավանի Քաջունիի գյուղական համայնքները: