Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործմանը նվիրված աշխատաժողով
“Լանդշաֆտի որակական հատկանիշները էական դերակատարություն ունեն տնտեսական զարգացման խթանման գործում: Այդ իմաստով լանդշաֆտային հետեւողական քաղաքականությունը նպատակաուղղված է ներդրումների համար գրավիչ միջավայրի ձեւավորմանը, ինչը կնպաստի Հայաստանի բնակավայրերի եւ ամբողջ երկրի հարատեւ զարգացմանը”,- հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նոյեմբերի 27-ին կայացած, Հայաստանում Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործման խնդիրների աշխատաժողովին:
Աշխատաժողովի նպատակն էր` Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների լույսի ներքո ներկայացնել Հայաստանում իրականացվող գործնական միջոցառումները, ինչպես նաեւ ներկայացնել լանդշաֆտային քաղաքականության իրականացման միջազգային փորձը:
Անդրադառնալով Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայով ստանձնած Հայաստանի պարտավորությունների կատարմանը նախարար Թադեւոսյանը, մասնավորապես տեղեկացրեց, որ դեռեւս 2011 թվականին կառավարության որոշմամբ հաստատվել է “Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայից բխող` ՀՀ պարտավորությունների կատարման 2011-2012 թվականների միջոցառումների ցանկը”, փոփոխություններ են կատարվել տարածական պլանավորման փաստաթղթերում, հրատարակվել է «Լանդշաֆտային կազմակերպում» մեթոդական ձեռնարկը, իրականացվել են տարատեսակ այլ միջոցառումներ:
Քաղաքաշինության նախարարության հրավերով հատուկ այս աշխատաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԵԽ փորձագետ Օդուն Մոֆլագը գոհունակություն հայտնեց լանդշաֆտի եվրոպական արժեհամակարգի ուղղությամբ Հայաստանում տարվող քաղաքականության առնչությամբ: Իր հերթին ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը շեշտեց, որ կոնվեցիայի դրույթները չափազանց կարեւոր են քաղաքաշինական խնդիրների լուծման ժամանակ` տարածքային կառավարման տեսանկյունից:
Աշխատաժողովի ընթացում բանախոսներն անդրադարձան Հայաստանում Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործմանը, տեղական մակարդակում տարածական պլանավորման փաստաթղթերում Կոնվենցիայի դրույթների կիրառմանը եւ այլ թեմաների:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիային» միացել է 2004 թվականին:
Նյութերին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: