-Պարոն Թադևոսյան, Ձեր` Քաղաքաշինության նախարար նշանակվելուց հետո այդ գերատեսչությունը հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ Վերահսկիչ պալատն իր 2012 թվականի հաշվետվությունում նշեց, որ նախարարությունն անորակ աշխատանքներ է կատարել, գների արհեստական թանկացումներ է իրականացրել և այլն: Ինչպե՞ս եք բացատրում այս ամենը: Դա տեղի է ունեցել Ձեր ղեկավարման շրջանո՞ւմ, թե՞ ուղղակի Ձեր «բախտը» չբերեց:
-Ես առիթ ունեցել եմ արձագանքելու ՎՊ հաշվետվությանն, այն դեպքում, երբ 2012 թվականին նույնիսկ քաղաքաշինության նախարարությունում ստուգում չի իրականացվել: Չէի ուզենա հերթական անգամ կրկնվել, պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեմ: Կուզենայի միայն ընդգծել, որ ՎՊ հաշվետվությունը նորմալ աշխատանքային գործընթաց է: Բնականաբար, բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում էլ այս 2 կառույցների տեսակետները պետք է սկզբունքայնորեն հակառակ կողմերում լինեն, այլապես միակարծության դեպքում առաջ են գալիս կոռուպցիոն դրսևորումներ: Իսկ այս բուռն քննարկումները ես համարում եմ նորմալ աշխատանքային գործընթաց:
-Դուք նախկինում աշխատել եք ՎՊ-ում, զրուցե՞լ եք Ձեր նախկին գործընկերների հետ` հասկանալու համար, թե նրանք Ձեր գերատեսչությունում կատարած ստուգումների ընթացքում օբյեկտի՞վ են եղել: Համեմատե՞լ եք Ձեր և նախկին նախարարի կատարած աշխատանքի արդյունքները, ի վերջո, ո՞ւմ ղեկավարման ժամանակ են թերացումները եղել:
-Ես որևէ համեմատական չեմ անցկացրել դրա հետ կապված, ՎՊ-ում ես, այո´, աշխատել եմ որպես վարչության պետ և համակարգել եմ բյուջետային համակարգը: Շինարարական ոլորտի հետ կապված ես, որևէ ստուգում չեմ իրականացրել, ուստի որևէ համեմատական չեմ կարող անել: Իսկ շինարարություն իրականացնում է յուրաքանչյուր գերատեսչություն:
-Տեղեկություններ կան, որ քաղաքաշինության ոլորտում գործում էր «ատկատների» մեխանիզմ: Ըստ որոշ տեղեկությունների, Դուք լուրջ քայլեր եք տանում այդ ամենը վերացնելու ուղղությամբ: Այդպե՞ս է դա արդյոք:
-Ասեմ Ձեզ մեկ փաստ, որ 2012 թվականին նախարարությանը հաջողվեց տնտեսել շուրջ 1 միլիարդ դրամ, որը կազմում է ամբողջ շինարարության ծավալի 15 տոկոսը: Եվ հիմնականում դա եղավ նախահաշիվների, շինարարական աշխատանքների, պետական գնումների կազմակերպության գործընթացի նկատմամբ վերահսկողական մեխանիզմների ուժեղացման շնորհիվ: Մրցույթները եղան ավելի բաց և թափանցիկ, այսինքն այս ամենի շնորհիվ մեզ հաջողվեց նման արդյունք գրանցել:
-ՎՊ-ն իր հաշվետվությունում նշեց նաև, որ <Դատաիրավական> ԾԻԳ-ը անարդյունավետ ծախսել է 185 մլն դրամ, բացի այդ, ջրային տնտեսության համար 47 մլն դրամ է վատնել, դա ինչպե՞ս եք բացատրում:
-Կարծում եմ կոռեկտ չի լինի, եթե ես խոսեմ <Դատաիրավական> ԾԻԳ-ի մասին, փոխարենը կարող եմ ներկայացնել <Քաղաքաշինական> ԾԻԳ-ի 2012 թվականի աշխատանքները: Դարձյալ պետք է կրկնեմ, բայց սա է իրավիճակը: Նախ ասեմ, որ շինարարության ոլորտում համակարգային փոփոխությունների համար անհրաժեշտ է հիմնարար բարեփոխումներ իրականացնել: Կարծում եմ, որ շինարարության ոլորտում պետական բյուջեի միջոցները նպատակային օգտագործելու համար անհրաժեշտություն է առաջանում պետական մեկ մարմնի կողմից համակարգելու խնդիրը: Ոլորտում բարեփոխումներն անխուսափելի են և դրանք արդեն մեկնարկել են:
-Մամուլում նշվեց նաև, որ Ձեզ հրավիրել են դատախազություն` նախկին քաղաքաշինության նախարարի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննության: Ճի՞շտ են այդ տեղեությունները:
-Երբ թերթերը ժամանակին գրեցին, թե Մարկ Տվենը մահացել է, նա հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ. <Պաշտոնապես հայտարարում եմ` իմ մահվան մասին լուրերը չափազանցված են>: Նման բան չի եղել:
-Մշտապես նշվել է, որ Դուք բազմաթիվ բիզնեսներ ունեք` լամինատ եք ներկրում ՀՀ, լիմոնադի գործարան ունեք…
-Միանգամից ասում եմ` որևէ բիզնես չունեմ: Ես բազմաթիվ անգամ ասել եմ դրա մասին:
