Նախարար. “Այս տարվա ռազմավարությունը նպատակաուղղված է շինարարության կազմակերպման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը”
“Քաղաքաշինության նախարարության այս տարվա ռազմավարությունը նպատակաուղղված է շինարարության կազմակերպման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Այլ խոսքով ասած` նախարարությունը որդեգրել է հիմնարար բարեփոխումների իրականացման ճանապարհը”,- նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը օգոստոսի 9-ին կայացած “Շինարարի օրվա” հանդիսության ժամանակ:
Շնորհավորելով շինարարներին` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ շինարարության համար լավ օրեր չեն: «Ոլորտում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ եւ մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք մարտահրավերները հաղթահարել: Այստեղ անհրաժեշտ է կառավարության եւ շինարարների համագործակցությունը»,-նշեց նա: «Շինարարը դեռ հնուց ամենակարեւոր եւ պատասխանատու մասնագիտություններից է։ Ձեզանից շատերի համար դա պարզապես մասնագիտություն չէ։ Դա ձեր կյանքի կոչումն է։ Ձեր կողմից մտածված եւ կյանքի կոչված շինությունները այժմ ծառայում են մեր քաղաքացիներին։ Բնակելի տներ, հիվանդանոցներ, դպրոցներ, արտադրական կորպուսներ՝ այս ամենը չէին լինի առանց ձեզ»,-ընդգծեց վարչապետը։
Ջերմորեն շնորհավորելով բոլոր շինարարներին մասնագիտական տոնի առթիվ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նշեց,-“Այսօր այն բացառիկ օրերից է, երբ շինարարները հանդիպում են ոչ թե կառուցելու, աշխատելու ու արարելու, այլ մի պահ կանգ առնելու ու գնահատելու ստեղծածն ու կառուցածը: Այսօր հենց այն օրն է, երբ պետք է բարձրաձայնենք մեր հիացմունքը, հպարտությունն ու մեծարանքը հայ շինարարի հանդեպ: Բոլոր ժամանակներում էլ եղել են դժվարություններ, հիմա էլ` ոլորտում առկա մարտահրավերները վստահ եմ կկարողանան հաղթահարել մեր շինարարները, ճարտարապետները, շինարարական արդյունաբերողները: Այդ մարտահրավերների հաղթահարման գործում մասնագիտական հանրությանը մշտապես զորակից է քաղաքաշինության նախարարությունը: Միասին լուծենք ոլորտի հիմնախնդիրները եւ մեր հանրապետության քաղաքաշինական միջավայրը դարձնենք առավել հարմարավետ, կայուն, որակյալ եւ գեղեցիկ”:
Շինարարի օրվա կապակցությամբ, ինչպես նաեւ երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության եւ քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի համար ԵՃՇՊՀ շինարարական կոնստրուկ¬ցիա¬նե¬րի ամբիոնի դոցենտ, տ.գ.դ., ՀՃԱԱ ակադե¬մի¬կոս Թեմուր Մարգարյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, «Արտալան Թրեյդինգ» ՍՊԸ տնօրեն Արտաշես Կազախեցյանը, «Սահակյանշին» ՓԲԸ տնօրեն Սուրեն Սահակյանը եւ «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերությունը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով:
Շինարարի տոնի առթիվ ՀՀ քաղաքաշինության նախարարը “Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար” ոսկե մեդալով պարգեւատրել է քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանին, քաղաքաշինության քաղաքականության եւ տարածական պլանավորման վարչության պետ Սոնյա Մաթեւոսյանին, ինժեներատեխնիկական աշխատանքների եւ տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության պետ Լեւոն Քոսյանին, շինարար Սերգեյ Պետրոսյանին եւ ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանին: Նախարարի շնորհակալագրով պարգեւատրվել են նախարարության աշխատակիցներ եւ շինարարության ոլորտի ներկայացուցիչներ:
Շինարարներին իրենց շնորհավորանքի խոսքն են ասել Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը եւ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: