Քննարկվեցին Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը հունիսի 6-ին, ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Ահմեդ Էյվեյդայի գլխավորությամբ: Նախարար Ս. Թադեւոսյանը գոհունակություն հայտնեց Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունից եւ հույս հայտնեց, որ այն էլ ավելի կամրապնդվի:
”Ուրախալի է, որ առաջիկայում Համաշխարհային բանկի գործակցության մտադրությունը կապված է տարածքային զարգացման օժանդակությանը` մասնավորապես զբոսաշրջության ոլորտում, որի զարգացումն անմիջականորեն կապված է քաղաքաշինական խնդիրների, ենթակռուցվածքների ձեւավորման հետ”,- նշեց նախարարը: Պարոն Թադեւոսյանը տեղեկացրեց, որ քաղաքաշինության նախարարությունում ներկայում այդ ուղղությամբ մի քանի ծրագրեր են իրականացվում, մասնավորապես` նշեց “Տաթեւ” զբոսաշրջային կենտրոնի, Գյումրիի Վանաձորի, Դիլիջանի եւ Ջերմուկի քաղաքաշինական նախագծերի մասին:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի քաղաքաշինության ոլորտի եւ Համաշխարհային բանկի համագործակցության զարգացման հեռանկարները: ՀԲ պատվիրակության ղեկավար Ահմեդ Էյվեյդան տեղեկացրեց, որ ներկայում ՀԲ-ում մշակվում է մեր երկրի հետ գործակցության 2 ուղղություններ` տարածքային զարգացման եւ աղետների ռիսկերի կառավարման խնդիրների վերաբերյալ: Նպատակ ունենալով նպաստել տարածքային զարգացմանը, շեշտը դնելով մանր ու միջին գործարարության խթանման վրա, զրուցակիցները զբոսաշրջության զարգացման ուղղությամբ քննարկեցին 3 ուղղություններ` Խոր Վիրաբ-Նորավանք-Եղեգնաձոր-Սյունիք, Գյումրի-Ստեփանավան-Ալավերդի, Սեւանա լիճ-Դիլիջան: ՀԲ կայուն զարգացման ոլորտի ղեկավար Զարուհի Թոխմախյանը ընդգծեց Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման, ինչպես նաեւ շենք-շինությունների սեյսմազինվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ ՀԲ-ի պատրաստակամության մասին:
Նախարար Սամվել Թադեւոսյանը հաշվի առնելով Հայաստանում սողանքների ու երկրաշարժի հավանականությունը, առանձնահատուկ կարեւորեց ՀԲ-ի աջակցությունը աղետների ռիսկերի կառավարման հարցում: Այդ համատեքստում պարոն Թադեւոսյանն ընդգծեց Հայսեյսմշին” ընկերության վերազինման խնդիրը, որի
արդիականացման շնորհիվ կիրականացվի նախագծահետազննական աշխատանքներ եւ կբարձրանա շենք-շինությունների կառուցման եւ ուժեղացման վերականգնման որակը: Նախարար Ս. Թադեւոսյանը տեղեկացրեց, որ քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրներից են շենքերի սեյսմակայունության ապահովմանն ուղղված իրավական հիմքերի ապահովումը եւ շենքերի ու շինությունների տեխնիկա¬կան տվյալների բազայի ստեղծումը: Պարոն Թադեւոսյանը տեղեկացրեց, որ առաջնահերթությունը տալով կրթական, մարզական եւ մշակութային հաստատություններին` արդեն հավաքագրվել է մոտ 2500 շենք–շինությունների տեխնիկական տվյալներ:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին վերոնշյալ ծրագրերի ուղղությամբ համագործակցության առնչությամբ: