Տեղի է ունեցել «Անի» բազմաբնակարան շենքային համալիրի բացման արարողությունը
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ն. Տիգրանյան փողոց փակուղի 1/1 հասցեում այսօր շահագործման է հանձնվել «Անի» բազմաբնակարան շենքային համալիր, որի բացմանը ներկա է եղել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը, Կառուցապատողների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և «Արտքոմփանի» ընկերության համահիմնադիրներ Հիրանտ Կիրկոր Քուրթյանը և Վահե Պետրոսյանը, համալիրի կառուցապատման պատասխանատուներ, ապագա բնակիչները և այլոք:
Կառուցապատող «Արտքոմփանի» ընկերության կողմից շահագործման հանձնված թաղամասը կառուցվել է 1,5 հա մակերեսով հողամասի վրա: Այն բաղկացած է 12 հարկանի թվով 5 բազմաբնակարան բնակելի շենքերից: Թաղամասը հագեցած է ստորգետնյա ավտոկայանատեղիներով, ընդհանուր օգտագործման բարեկարգված և կանաչապատ տարածքներով, ինչպես նաև խաղահրապարակներով և զրուցարաններով: «Անի» բազմաբնակարան շենքային համալիրը նախատեսված է 385 ընտանիքի համար:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկա գտնվողներին շնորհավորելով բնակարանամուտի կապակցությամբ՝ նշել է, որ «Անի» բնակելի թաղամասը պետական ու մասնավոր հատվածների համագործակցության կարևոր և վառ օրինակ է, թե ինչպես կարելի է իրականացնել թաղամասային, այլ ոչ կետային շինարարություն, որի արդյունքում բնակիչները կապրեն հարմարավետ միջավայրում՝ ունենալով գեղեցիկ ու ընդարձակ ճանապարհներ, խաղահրապարակներ, ընդարձակ բակային տարածքներ, զրուցարաններ և այլ կոմունիկացիաներ:
Ինչպես ցանկացած երկրի, այնպես էլ մեր երկրի համար բնակարանային ֆոնդը հանդիսանում է երկրի առանցքային ակտիվներից, և պետությունը շահագրգռված է ինչպես գոյություն ունեցող բնակֆոնդի պահպանման, այնպես էլ բնակֆոնդի նոր հզորությունների ստեղծման հարցերում:
Իհարկե անելիքները դեռ շատ են, և առաջիկայում պետք է ներդրվեն բոլոր ջանքերը՝ մարզերում ևս բնակարանային շինարարությունն ակտիվացնելու ուղղությամբ:
Բնակարանային շինարարությունը խրախուսելու և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով՝ պետական համակարգմամբ «Անի» թաղամասի հարևանությամբ կառուցվում են հանրային ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման ևս 3 նոր բնակելի համալիրներ՝ ստեղծելով մեծ ընդհանուր բնակելի միկրոշրջան:







