Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում բացվել է Միքայել Մազմանյանի ծննդյան 120-ամյակին նվիրված ցուցահանդեսը
Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում բացվել է Միքայել Մազմանյանի ծննդյան 120-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցադրված են Ճարտարապետի կյանքի տարբեր ժամանակաշրջանները, գրաֆիկական աշխատանքները, նախագծերն ու էսքիզները: Միքայել Մազմանյանի նախագծերով (համահեղինակների հետ) Երևանում կառուցվել են՝ Կառուցողների ակումբը (1928-1929 թթ., այժմ՝ Ռուսական թատրոն և Ֆիզկուլտուրայի կոմիտե), Պետապի տունը (1930 թ.), Երջրէկի բնակելի («Շախմատաձև») տունը (1930-1932 թթ.), Կենտրոնական հանրախանութը (1936-1937 թթ.), Գրապալատի համալիրը (1935-1940 թթ., շինարարությունն ավարտվել է 1960 թվականին), Աջափնյակ բնակելի թաղամասը (1955-1965 թթ.): Նա 1939 թ. պարտադրված տեղափոխվել է ԽՍՀՄ ծայրագույն հյուսիս, որտեղ մինչև 1954 թ. Գևորգ Քոչարի հետ նախագծել ու ստեղծել է բևեռային առաջին քաղաքների՝ Նորիլսկի և Դուդինկայի գլխավոր հատակագծերը։ Միքայել Մազմանյանի գլխավորությամբ մշակվել են Երևանի տարբեր թաղամասերի (1955-1969 թթ.), Կենտրոնի մանրամասն հատակագծման (1967-1968 թթ.) նախագծերը, 1 միլիոն բնակչի համար գլխավոր հատակագիծը (1971 թ.):




