Շինարարի օրվա առթիվ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի շնորհավորական ուղերձը
Այսօր մենք նշում ենք Շինարարի օրը:
Շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ: Շինարարի տոնը մեծ խորհուրդ ունի:
Ամեն տարի այս օրը մենք հպարտության անասելի զգացումով մեծարում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի բոլոր նվիրյալներին:
Հայ Շինարարն, ով աշխարհին հայտնի է իր հեղինակած գլուխգործոցներով, կարևորագույն դեր ունի հայ ժողովրդի անվտանգության, տնտեսական և հոգևոր առաջընթացում:
Շինարարներն են, որ ամեն օր քրտնաջան, անձնուրաց աշխատանքով կերտում են մեր նոր Հայաստանը, լավագույն կենսապայմաններ ապահովում մեր քաղաքացիների համար:
Շինարարությունը նաև մշակույթ է, պատասխանատվություն և հարգանք:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ներկայում մեծ դեր ու պատասխանատվություն է ստանձնել:
Այս նոր իրավիճակում առաջին հերթին պարտավոր ենք բնագավառում ապահովել արդարություն:
Զարգացման հնարավորությունները մեծ են, դաշտը թափանցիկ:
Մենք նախաձեռնել ենք բազմաթիվ հեռանկարային ծրագրերի իրագործում:
Լավագույն տեխնոլոգիաների ներդրմամբ հայ Շինարարի մտքի իրագործումը հեղափոխական նշանակություն է ունենալու բնագավառում:
Ժամանակն է լինել նախաձեռնող և նախանձախնդիր: Շատ շուտով բնագավառում վերելք է արձանագրվելու:
Հայաստանի բնակչության թիվը տարեցտարի աճելու է և եթե կառավարությունն իր առջև նման խնդիր է դրել, բնակմակերեսների և ենթակառուցվածքների շինարարությունը նույնպես նոր թափ է առնելու: Այստեղ է, որ դարձյալ անփոխարինելի է Հայ Շինարարի դերը՝ իր քրտնաջան, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի առաքելությամբ:
Հարգելի բարեկամներ, կրկին շնորհավորում եմ Շինարարի տոնի կապակցությամբ: Թող Աստված Ձեզ ուժ և զորություն, գաղափարներն իրագործելու կամք տա՝ անվերջ արարելու և ստեղծագործելու՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրրություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, և ամենայն բարիք …
