«Մշակվում է շինարարության որակի, ֆինանսական հոսքերի և ժամանակացույցի հսկման ավտոմատացված համակարգ». վարչապետին հայտնել է Եղիազար Վարդանյանը
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել շինարարության ոլորտում առկա խնդիրներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանից հետաքրքրվել է խնդիրների վերաբերյալ նրա առաջին տպավորությունից և իրականացվող լուծումներից:
Եղիազար Վարդանյանը ներկայացրել է, որ կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո իրականացրել է շրջայցեր որոշ դպրոցներում, մարզադահլիճներում, հանդիպումներ ունեցել շինարարների և նախագծողների հետ: «Մի քանի խումբ խնդիրներ են վեր հանվել, որոնք բնորոշ են շինարարության ընթացքում գտնվող բոլոր օբյեկտներին: Դրանց վերաբերյալ տրվել են նախագծային լուծումներ կամ շինարարության տեխնոլոգիայի փոփոխման, շինարարության կազմակերպման լուծումներ, որոնք կուղարկենք շինարարությունը շարունակող բոլոր օբյեկտներին, որպեսզի նրանք վաղօրոք շտկեն այդ խնդիրները, որպեսզի հետագայում խնդիրներ չունենանք: Ուշադրությունը հիմա կենտրոնացրել ենք առաջիկայում հանձնվող, ավարտին մոտեցող շինարարական օբյեկտների վրա: Զուգահեռաբար իրականացնում ենք նաև օգտագործվող շինարարական նյութերի, բնութագրիչների հստակեցում: Այսինքն՝ եթե պատուհան է օգտագործվում, պատուհանի պրոֆիլի ներկայացվող պահանջներն ինչպիսին պետք է լինեն: Ուզում եմ Ձեզ վստահեցնել, պարոն վարչապետ, որ նոր սկսվող շինարարական օբյեկտներում այդ բոլոր խնդիրները հաշվի կառնվեն, և մենք չենք ունենա նմանատիպ խնդիրներ, այն, ինչն արձանագրվել է նախկինում»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հայտնել է, որ ձևավորել են աշխատանքային խմբեր, որոնք շրջայց են իրականացնելու բոլոր դպրոցներում. «Ոչ միայն ակնադիտական, այլ նաև գործիքային ուսումնասիրություն են իրականացնելու, որպեսզի բացահայտեն այն թերությունները, որոնք ակնադիտական եղանակով տեսանելի չեն, և միջոցներ ձեռնարկեն այդ թերությունները շտկելու ուղղությամբ: Զուգահեռաբար նաև մշակվում է շինարարության որակի, ֆինանսական հոսքերի և ժամանակացույցի հսկման ավտոմատացված համակարգ: Կարծում եմ՝ մեկ ամսվա ընթացքում այդ ավտոմատացված համակարգն արդեն կներդնենք, փորձնական կկիրառենք, որն ավելի օբյեկտիվ, արագ տեղեկատվություն կտրամադրի մեզ և կմեծացնի վերահսկողությունը»,-զեկուցել է Եղիազար Վարդանյանը:
Տեսանյութ՝