Հաստատվել են բնակարաններով ապահովման ծրագրի հավակնորդների ցանկը և բնակարանների ընտրության վերջնաժամկետը
Հաստատվել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում «Նոր Երևան» թաղամասում բնակարան գնելու հավակնորդ հանրային ծառայողների ցուցակը:
Այդ մասին հանրային ծառայողներն իրենց էլեկտրոնային հասցեներին արդեն ստացել են անհատական ծանուցում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատված ցուցակը հրապարակված է կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/hy/hanrayinbn):
Ցուցակում ընդգրկվածները մինչև ապրիլի 19-ը՝ ժամը 17:59-ը, կարող են Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից կատարել բնակարանների ընտրությունը (առավելագույնը 20 բնակարան)՝ իրենց տրամադրված տվյալներով մուտք գործելով ծրագրի հարթակ։ Մինչև մայիսի 3-ը այլ հրամանով կսահմանվի վիճակահանության անցկացման օրը։
Հարկ է նշել, որ մինչև վիճակահանությունը հանրային ծառայողները հնարավորություն ունեն հրաժարվելու ծրագրի հետագա մասնակցությունից: Հավակնորդների ցուցակից դուրս գալու և կանխավճարի վերադարձի համար գրավոր դիմում ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանված ապրիլի 19-ը։
Կարևոր է նախապես դիմել ցանկացած բանկ՝ վարկունակությունը գնահատելու համար, քանի որ եթե վիճակահանության արդյունքում հաղթող ճանաչվելուց հետո բանկը դիմումատուին չտրամադրի հիփոթեքային վարկ, այլևս հնարավոր չի լինի հետ ստանալ կանխավճարը: Ծրագրի շրջանակում բանկերի առաջարկներին և հետագայում ծրագրի վերաբերյալ նորություններին կարող եք ծանոթանալ կոմիտեի կայքում և կառուցապատողի կայքի «Նորություններ» բաժնում։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով: