Բացվել է «Ռաֆայել Իսրայելյանի աշխատանքները նոր սերնդի աչքերով» խորագրով ցուցահանդես
Ապագա դիզայներները ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի սպասքի էսքիզներից ստեղծել են եռաչափ մոդելներ: Քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համագործակցության արդյունքում հոկտեմբերի 30-ին համալսարանում բացվել է «Ռաֆայել Իսրայելյանի աշխատանքները նոր սերնդի աչքերով» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ ներկայացված են ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի հայկական սպասքի էսքիզների բնօրինակները և համալսարանի Դիզայնի ֆակուլտետի ուսանողների մոդելավորած աշխատանքները:
Ցացահանդեսի բացմանը ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի պարտականությունները կատարող Մարկ Գրիգորյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը կարևորել է կոմիտեի, համալսարանի և թանագարանի միջև ձևավորված համագործակցության արդյունքում ուսանողների ներգրավմամբ կյանքի կոչվող համարձակ նախաձեռնությունները. «Մենք ակնկալում ենք, որ սերունդները հաղորդակից լինեն նախորդ դարաշրջանների վարպետների գործերին՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով նոր շունչ ու երկրորդ կյանք հաղորդելով արժեքավոր աշխատանքներին»:
Ծրագրին մասնակցած ուսանողներին շնորհվել են շնորհակալագրեր: