Տիգրան Դադայան. «Մերօրյա կոնստրուկտորները պատրաստ են ավելի բարդ ճարտարապետական լուծումներ կյանքի կոչել»
Այսօր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Դադայանը նշում է ծննդյան 50-ամյակը: Հոբելյանական օրվա առիթն օգտագործելով՝ Տիգրան Դադայանի հետ զրուցել ենք նրա մասնագիտական ուղու, կոնստրուկտորի մասնագիտության կարևորության և զարգացման միտումների մասին:
Տիգրան Դադայանը մոտ 50 կառույցի հեղինակ-կոնստրուկտոր է Հայաստանում և արտերկրում: Դրանցից կարելի է առանձնացնել Արաբկիր վարչական շրջանի Սբ. Խաչ, Նոր Հաճնի Սբ. Ամենափրկիչ, Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները, Հորդանան գետի ափին կառուցված հայկական եկեղեցին, բնակելի բազմահարկ և արդյունաբերական մի շարք շենքեր:
Զուգահեռ զբաղվում է գիտական ակտիվ գործունեությամբ. հեղինակ է ավելի քան 70 գիտական հոդվածի, մի քանի մենագրությունների, 6 ուսումնամեթոդական ձեռնարկի: Դասավանդում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում և ղեկավարում Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնը:
Դպրոցական տարիներին Տ. Դադայանը երազել է դառնալ ավիակոնստրուկտոր, միաժամանակ զբաղվել է նկարչությամբ և քանդակագործությամբ՝ սովորելով Հ. Կոջոյանի անվան արվեստների դպրոցում: Մի կողմից՝ ստեղծագործականության, մյուս կողմից՝ ճշգրիտ հաշվարկների վրա հիմնված նախընտրելի ուղղություններին ամենամոտը կոնստրուկտորի մասնագիտությունն էր. հենց այդպես էլ կատարվեց մասնագիտության ընտրությունը:
Տ. Դադայանը նկատում է՝ հանրությունը հաճախ չի տարբերում կոնստրուկտորի մասնագիտությունը. «Շատերի պատկերացմամբ միայն ճարտարապետն է նախագիծ անում, մինչդեռ երկու մասնագետների համագործակցության շնորհիվ կարող են ճարտարապետական մտահղացումները կյանքի կոչվել»: Նրա գնահատմամբ՝ այս երկու մասնագիտություններն արտերկրում զարգանում են մեծ տեմպերով, կիրառվում է և՛ ճարտարապետական, և՛ կոնստրուկտիվ մոտեցումներ նախատեսող պարամետրիկ մոդելավորում. «Ճարտարապետությունն արդեն վերածված է մաթեմատիկական ֆունկցիայի. փոխում ես ֆունկցիան, ավտոմատ փոխվում է ճարտարապետական տեսքը: Լայն կիրառություն են ստանում BIM տեխնոլոգիաները՝ թույլ տալով ընտրել յուրաքանչյուր կառույցի համար տնտեսապես ամենաարդյունավետ մոտեցումը»:
Համադրելով համաշխարհային միտումներին համընթաց մեր երկրում մասնագիտության զարգացման տեմպերը և ունեցած ավանդույթները՝ Տիգրան Դադայանն ուրախությամբ նկատում է, որ դրական կտրուկ փոփոխություններ են կատարվում ապագա մասնագետների պատրաստման բուհական ծրագրում: Նպատակն է՝ քայլ առ քայլ հասնել զարգացած երկրների մակարդակին: «ԽՍՀՄ ժամանակաշրջանում ունեցել ենք ճանաչված կոնստրուկտորներ, ում անունով են կոչվել տարբեր համակարգեր: Օրինակ՝ Բադալյանի համակարգ կամ Սահակյանի համակարգ ասելով բոլորը գիտեին՝ ինչի մասին է խոսքը: Մյուս կողմից՝ տեղեկատվության պակասի պատճառով անխուսափելի են եղել նաև թերությունները: Իհարկե, այժմ հնարավորություններն ավելի շատ են՝ տեղեկացված լինելու նոր տեխնոլոգիաների, հաշվարկային մեթոդների, ծրագրային փաթեթների, նյութերի, միջազգային փորձի մասին»,-ընդգծում է Տիգրան Դադայանը՝ հավելելով, որ այս զարգացումների շնորհիվ մերօրյա կոնստրուկտորները պատրաստ են ավելի բարդ ճարտարապետական լուծումներ կյանքի կոչել:
Փորձառու կոնստրուկտորը Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի անդամ է, ակտիվ մասնակցում է մասնագիտական քննարկումերին՝ համարելով կարևոր հարթակ՝ մասնագիտական տարբեր կարծիքների համադրման և խնդիրների ու դրանց լուծումների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար: Նրա գլխավորությամբ են մշակվել «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ», «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը: Հեղինակել է նաև «Երկրաշարժադիմացկուն շինարարություն» շինարարական նորմերի երկու բաժիններ:
Քաղաքաշինության կոմիտեն և կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի անդամները շնորհավորում են հարգարժան գործընկերոջը՝ մաղթելով առողջություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ: