Կյանքից հեռացել է ճարտարապետ Լևոն Խաչատրյանը
Կյանքից հեռացել է ճարտարապետ Լևոն Խաչատրյանը: Հարգարժան գործընկերոջ մահվան կապակցությամբ Քաղաքաշինության կոմիտեն, Հայաստանի ճարտարապետների պալատը, Շինարարների միությունը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իրենց վշտակցությունն են հայտնում մասնագիտական նշանակալի ուղի անցած ճարտարապետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին: Լևոն Խաչատրյանի անունը միշտ վառ կմնա ճարտարապետական հանրության հիշողության մեջ:
Լևոն Կամսարի Խաչատրյանը ծնվել է 1939թ. մայիսի 2-ին Երևանում: 1962թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը ճարտարապետի որակավորմամբ և ընդունվել է աշխատանքի «Հայպետնախագիծ» ինստիտուտում: Որպես նախագծի գլխավոր ճարտարապետ՝ ղեկավարել է Ծաղկաձորի օլիմպիական բազայի, ինչպես նաև Կիրովականի (ներկայիս Վանաձոր) գեղարվեստի ցուցասրահի, Ձորաղբյուրում «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզական բազայի և մի շարք բնակելի շենքերի նախագծման աշխատանքները: 1980թ. նշանակվել է «Հայպետնախագիծ» ինստիտուտի տիպարային նախագծման արվեստանոցի ղեկավար: 1986թ. Չեռնոբիլի ԱԷԿ-ի պայթյունից հետո Հայաստանի կողմից ղեկավարել է Ուկրաինայի Նոր Սլավուտիչ քաղաքի կառուցման նախագծային աշխատանքները՝ արժանանալով Ուկրաինայի վաստակավոր ճարտարապետի կոչմանը:
1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո նա ղեկավարել է «Հայպետնախագիծ» ինստիտուտի նախագծային աշխատանքներն աղետի գոտում՝ որպես տնօրենի առաջին տեղակալ:
1994թ. կոլեկտիվի կողմից ընտրվել է «Հայպետնախագիծ» ինստիտուտի (ներկայումս՝ «Հայնախագիծ» ԲԲԸ) տնօրեն: Այդ տարիներին մեկնարկել և 2003թ. ավարտել է Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակումը՝ արժանանալով Հայաստանի պետական մրցանակի՝ ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում:
2000թ.-ից Լևոն Խաչատրյանը ճարտարապետական գործունեությունը շարունակել է Ուկրաինայում և մասնակցել բազմաթիվ նախագծերի նաև Արաբական Միացյալ Էմիրություններում:
2009թ.-ին վերադառնալով Երևան՝ շարունակել է աշխատանքը «Հայնախագիծ» ԲԲԸ-ում՝ որպես տնօրենի խորհրդական՝ իր նշանակալի մասնակցությունն ունենալով քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքներին: