Դավիթ Գրիգորյանը մասնակցել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մասնակցել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստին:
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման իրագործման ընթացքին: Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ կապալառու ընկերությունների միջոցով արդեն իրականացվում է ցանկում ընդգրկված 29 օբյեկտի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն՝ մատչելիության միջոցառումների առկայության գնահատումով: Դրանցից 10-ի ուսումնասիրության արդյունքները գրեթե ամփոփված են: Բացի այդ, միջազգային կազմակերպությունների հետ գործընկերության արդյունքում ներգրավվել են փորձագետներ, որոնք աջակցելու են տեղի մասնագետներին՝ առանձնացված շենքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու գործընթացում:
Ներկայացվել է նաև Քաղաքաշինության կոմիտեի մշակած նոր նախագիծը, որով նախատեսվում է ցանկը համալրել ևս 25 օբյեկտով՝ ներառելով մարզպետարանների, Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի շենքերի, Գյումրիի, Վանաձորի, Վաղարշապատի համայնքապետարանների շենքերը:
Քննարկվել է նաև շինարարական նորմերում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը՝ պարտադիր սահմանելով սանհանգույցների և վերելակների առկայությունը բոլոր հարկերում ու մասնաշենքերում:
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով:
Մանրամասները՝ https://www.mlsa.am/?p=41837