Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նորոգված սրահը վերաբացվել է Աշոտ Հայկազունի հոբելյանական ցուցահանդեսով
Քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է թանգարանի առաջին տնօրեն, ներկայում գիտական քարտուղար Աշոտ Գրիգորյանի (Աշոտ Հայկազուն) ծննդյան 75-ամյակին նվիրված ցուցահանդես։ Վերջերս կատարված նորոգման աշխատանքներից հետո թանգարանի վերաբացված սրահում սա առաջին ցուցահանդեսն է։
Միջոցառմանը ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի և Նկարիչների միության նախագահները, ճանաչված ճարտարապետներ, արվեստագետներ:
Արմեն Ղուլարյանն ընդգծել է, որ թանգարանի սրահի վերաբացումը Աշոտ Հայկազունի գրաֆիկական աշխատանքների ցուցադրությամբ թանգարանի համար խորհրդանշում է նոր սկիզբ․ «Ամեն անգամ ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանին բացահայտելու տարբեր առիթներ ենք ունենում՝ թե՛ որպես ճարտարապետ՝ իր նախագծերով, թե՛ գիտական, հրապարակախոսական գործունեությամբ և թե՛ ստեղծագործական աշխատանքներով։ Նա յուրաքանչյուր գաղափար կյանքի կոչելիս հետևողական և մանրակրկիտ աշխատանք է կատարում»։
Հաշվի առնելով հայ ճարտարապետության բնագավառում նշանակալի ավանդը և ծննդյան 75-ամյակը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի համաձայնությամբ, Աշոտ Գրիգորյանին պարգևատրել է «Ալեքսանդր Թամանյան» ոսկե մեդալով։
Աշոտ Հայկազունը ճարտարապետությանը զուգահեռ մշտապես զբաղվել է նկարչությամբ և դեկորատիվ աշխատանքներով։ Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում։ Բացի այդ, հեղինակել է հայկական ճարտարապետության ու մշակույթին նվիրված ավելի քան 200 գիտական հոդված, ուսումնասիրություն։ Նա ոչ միայն Հայաստանի ճարտարապետների միության, այլև Հայաստանի նկարիչների և Դիզայներների միությունների անդամ է:
Միջոցառման ընթացքում Հայաստանի նկարիչների միության անունից Աշոտ Գրիգորյանին շնորհավորել է միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։
Մինչ ցուցահանդեսի բացումը հանդիսավոր արարողությամբ իրենց պարգևներն են ստացել նաև տարեսկզբից Քաղաքաշինության կոմիտեի մեդալներով պարգևատրված ոլորտի մասնագետները:
Ճարտարապետության պատմությանն ու տեսությանը նվիրված գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 70-ամյակի կապակցությամբ՝ «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով պարգևատրվել է ճարտարապետության տեսաբան, պրոֆեսոր Կարեն Վլադիլենի Բալյանը:
Քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի, երկարամյա աշխատանքային գործունեության, ինչպես նաև Աշխատանքի օրվա կապակցությամբ «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արտավազդի Արզումանյանը, շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզան Մարտունու Ադամյանը, ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Հասմիկ Սանդրոյի Բաղինյանը:
Բոլոր լուսանկարները