TAIEX-ի փորձագետները ներկայացրել են էներգաարդյունավետության բարձրացման հաջողված ծրագրերը
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել երկօրյա աշխատաժողով՝ նվիրված շենքերի և շինությունների էներգաարդյունավետության բարձրացման նախաձեռնություններին: TAIEX-ի փորձագետները ներկայացրել են Գերմանիայի և Խորվաթիայի փորձը էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերի և դրանց մասին հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: Դիտարկվել է հանրային ընկալման փոփոխությունը ոլորտում իրականացվող ծրագրերի մեկնարկի ժամանակ և հետո՝ դրանց արդյունքում խնայումների մասին բնակիչների հետ բացատրական աշխատանքների կատարման արդյունքում: Քննարկվել է նաև էներգաարդյունավետության միջոցառումների կարևորությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման տեսանկյունից:
Միաժամանակ Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները ներկայացրել են Հայաստանում էներգաարդյունավետության բնագավառին առնչվող նորմատիվ իրավական ակտերի մշակման ուղղությամբ իրականացված քայլերը և շենքերի էներգաարդյունավետության բարձրացման նպատակով գործող ծրագրերը:
Նշենք, որ Եվրահանձնաժողովի Թայեքս (TAIEX) տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքն աջակցում է պետական կառավարման մարմիններին` ԵՄ օրենսդրության մոտարկման, կիրառման, ինչպես նաև ԵՄ լավագույն փորձի փոխանակման շրջանակներում: