Քաղաքաշինության կոմիտեում աֆրիկացի գործարարի հետ քննարկվել են համագործակցության հարցեր
Քաղաքաշինության կոմիտեում մարտի 13-ին հյուրընկալել են գործարար Օկտավիո Մուտեմբային՝ Մոզամբիկի Հանրապետությունից։ Լինելով «Ավտոգազ» և «Իմոբիլիարա իմպերիալ» ընկերությունների գլխավոր տնօրենը՝ նա ցանկություն է հայտնել ծանոթանալու Հայաստանի շինարարության ոլորտին և քաղաքաշինական գործընթացների կազմակերպմանը՝ նախանշելու համար համագործակցության ուղիները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, ՀՀ կառավարության ծրագրով իրականացվող քաղաքաշինական ծրագրերը, ոլորտը կարգավորող քաղաքաշինական նորմերը։
Անդրադարձ է եղել քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի միջոցով տարածքների համաչափ զարգացման խնդիրների կարգավորմանը, կառուցապատումների և քաղաքաշինական տարբեր գործընթացների պլանավորմանը։
Օկտավիո Մուտեմբան ցանկություն է հայտնել գործարար կապեր հաստատելու Հայաստանի կառուցապատողների, շինարարության ոլորտում գործունեություն ծավալող և շինարարական նյութեր ու կոնստրուկցիաներ արտադրող ընկերությունների հետ։ Նա հետաքրքրվել է ծրագրային փաստաթղթերի մշակման, էներգաարդյունավետ միջոցառումների կիրառման բնագավառում Հայաստանի փորձն ուսումնասիրելու և Մոզամբիկի մասնագիտական շրջանակների կարողությունները զարգացնելու ուղղությամբ համագործակցելու հնարավորությամբ։
Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցելու նախանշված ուղղություններով գործակցության կայացմանը։