Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Ջրային և քաղաքաշինության ոլորտային խմբի տնօրեն Ջինգմին Հուանգի գլխավորությամբ: Նախանշվել են համագործակցության խորացման նոր ուղղություններ:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի և կոմիտեի միջև ձևավորված գործակցությունը՝ ընդգծելով համատեղ ծրագրերի իրականացման արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մատչելի և սոցիալական բնակարանաշինության ծրագրերի իրագործման գաղափարներ՝ շեշտադրելով մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունը:
ԱԶԲ ներկայացուցիչները հայտնել են Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը շարունակելու մտադրության մասին: Շարունակվելու են երկրաշարժադիմացկուն շինարարության բնագավառում քաղաքաշինության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները, որոնց շրջանակում նախատեսվում է երկրաշարժադիմացկուն կառույցների նախագծման ձեռնարկի մշակում:
ԱԶԲ գործընկերները ներկայացրել են նաև սեյսմակայունության բարելավմանը և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորմանը վերաբերող ռազմավարություն մշակելու համար նախանշված քայլերը:
Շնորհակալություն հայտնելով ոլորտային կարևոր նախաձեռնությունների համար՝ Դավիթ Գրիգորյանն ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի պատրաստակամությունը՝ աջակցելու ԱԶԲ գործընկերներին նոր ծրագրերն իրագործելիս: