Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման կոմիտեի 85-րդ նստաշրջանին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման կոմիտեի 85-րդ նստաշրջանին։ Նա ներկայացրել է Հայաստանում քաղաքաշինության, ճարտարապետության և բնակարանաշինության բնագավառներում իրականացվող աշխատանքները, ոլորտային բարեփոխումների ընթացքը և հետագա քայլերը։
Նստաշրջանի ընթացքում քննարկվել է «ՀՀ քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ երկրի նկարագիր» փաստաթուղթը։ Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները փաստաթղթի վերջնականացման և հրապարակման նպատակով։
Նստաշրջանին մասնակցել է նաև Քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ Էրիկ Հովսեփյանը, ով ընտրվել է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման կոմիտեի բյուրոյի անդամ։ Բյուրոյի անդամությունը կապահովի առավել մեծ ներգրավվածություն ԵՏՀ-ի կողմից իրականացվող ոլորտային ծրագրերում, կնպաստի անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնմանը, Հայաստանում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի, ներդրումային հնարավորությունների ներկայացմանը։
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ 2024 թվականի նոյեմբերին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հիմնվելու է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի գերազանցության կենտրոն։ Նման կենտրոններ գործում են ՄԱԿ-ի անդամ 8 պետություններում։ Հայաստանի գերազանցության կենտրոնը առաջինն է լինելու տարածաշրջանում և կարևոր դեր է ունենալու ոլորտային հետազոտությունների իրականացման, ՄԱԿ-ի ԵՏՀ-ի անդամ պետությունների հետ համագործակցության զարգացման, Համալսարանում կրթական բարեփոխումների շարունակականության ապահովման գործում։