Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կոտայքի և Արարատի մարզերի շինարարական հրապարակներում
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք ծրագրերի շինարարական հրապարակներում։ Կոտայքի մարզում նա հետևել է Հրազդան համայնքում «մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման ծրագրի ընթացքին։ Կոմիտեի մասնագետների, ծրագիրն իրականացնող նախագծային, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ դիտարկվել են արդեն իրականացված և նախատեսվող շինարարական աշխատանքները, քննարկվել որակի և ժամանակացույցի վերաբերյալ հարցեր։
Այնուհետև կոմիտեի ղեկավարը հետևել է Չարենցավանի բժշկական կենտրոնի մասնակի վերակառուցման շինարարական աշխատանքներին, դիտարկել ծրագրի ընթացքը և տվել հանձնարարականներ։
Հաջորդ կանգառը եղել է Արարատի մարզում, որտեղ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվում է Մասիսի N 5 ավագ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման ծրագիրը։ Նախատեսվում է ծրագիրն ավարտել և դպրոցը հանձնել շահագործման սեպտեմբերին։
Կոմիտեի ղեկավարը ծրագրերում ընդգրկված կազմակերպություններին հորդորել է հետևողական լինել աշխատանքները բարձր որակով և պատասխանատվությամբ կատարելու հարցում՝ ընդգծելով, որ ընդունվելու է միայն որակյալ արդյունքը։