Ավետիք Էլոյանը «Քաղաքաշինության ոլորտում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով է պարգևատրել Վիգեն Արզումանյանին
«Խորը հարգանքով ու մեծ սիրով են ձեզ հիշում այն սերունդները, որոնց կրթել եք տասնյակ տարիների ընթացքում»,- Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը «Քաղաքաշինության ոլորտում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով է պարգևատրել տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ Վիգեն Արզումանյանին:
Երկար տարիներ ոլորտի մասնագիտական բուհում դասավանդելուց բացի, Վիգեն Արզումանյանը գրեթե տասը տարի ղեկավարել է «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտը։
Նա մեծ ներդրում է ունեցել աղետի գոտու վերականգնման ծրագրային փաստաթղթերի մշակման համար հիմք ծառայած՝ շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքերում:
Այդ տարիներին «Հայսեյսմշին» ինստիտուտը զբաղվել է շինանյութերի վերահսկողությամբ, կոնստրուկցիաների նախագծմամբ և իրականացմամբ, նրանց հատկությունների ուսումնասիրմամբ: Այս ինստիտուտում է փորձարարական մեծ, բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում մշակվել հանրապետությունում կարկասային շինարարության ուղղություններից մեկը:
«Հայսեյսմշինը» զբաղվել է նաև սեյսմակայունության հարցերով՝ հաշվարկման մեթոդների կատարելագործմամբ: Այստեղ ոչ միայն տեսականորեն, այլև փորձարարական ճանապարհով ուսումնասիրվել են տարբեր կոնստրուկտիվ լուծումներ ունեցող շենքերի վարքը սեյսմիկ ազդեցությունների տակ:
Կառույցն ունեցել է մոտ 15 լաբորատորիա: Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ծածկերն իրականացվել են «Հայսեյսմշինում» մշակված պանելներով։
Այստեղ փորձարկվում էին բոլոր նոր կառուցվածքները:
«Այսօր ևս հրատապ են պետական փորձաքննական կառույցի ստեղծման, շինարարության և շինարարական նյութերի վերահսկողության խնդիրները»,- կարևորել է Վիգեն Արզումանյանը՝ Ավետիք Էլոյանի հետ զրույցի ընթացքում։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ այս հարցերը գտնվում են Կոմիտեի առաջնահերթությունների շարքում՝ քայլ առ քայլ ոլորտը զարգացնելուն ուղղված ջանքերն արդյունք են տալու: