Լոռու մարզում՝ նորակառույց և վերակառուցվող շենքեր
Շարունակվում են իրականացվել Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսված շինարարական օբյեկտների աշխատանքները, դրանցից մոտ մեկ տասնյակն արդեն ավարտական փուլում են, մնացածը շարունակական ծրագրեր են և համաձայն հետագա բյուջետային հատկացումների, կավարտվեն նախանշված ժամկետներում:
Նշված օբյեկտների թվում են նաև ՀՀ Լոռու մարզկենտրոնի Վանաձոր քաղաքում գտնվող տարբեր նշանակության կառույցները՝ Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը, թիվ 18 դպրոցը, գյուղատնտեսական պետական քոլեջը: Կոմիտեի պատվիրատվությամբ իրականացնում է Մեծ Պարնի համայնքի նորակառույց մանկապարտեզի հեղինակային և տեխնիկական հսկողությունը:
ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված աշխատանքների ընթացքն ուսումնասիրելու և արդյունավետությունը գնահատելու համար Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, Քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետի պաշտոնակատար Արսեն Միրզոյանն ու ՀՀ Լոռու մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցները այցելել են նշված օբյեկտներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վանաձորի՝ Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի, թիվ 18 դպրոցի և գյուղատնտեսական պետական քոլեջի շինարարական աշխատանքները մեծածավալ են և 2018 թվականի բյուջետային տարին մոտենում է ավարտին՝ Կոմիտեի իրականացվող աշխատանքների մասով տրվել են հրատապ ցուցումներ աշխատանքային և տեխնիկական ռեսուրսներով օբյեկտները համալրելու, աշխատանքների ընթացքն արագացնելու, կապալառու կազմակերպությունների՝ շինարարի, տեխնիկական և հեղինակային հսկողների համատեղ աշխատանքը արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ընթացիկ նախագծային շտկումները սահմանված կարգով և սեղմ ժամկետներում իրականացնելու վերաբերյալ:
Այցելության օրվա դրությամբ՝ Մեծ Պարնի համայնքի մանկապարտեզի կառուցման աշխատանքները գրեթե ավարտվել էին: Նորակառույց մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ընդգրկվել են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ցանկում և պետք է ավարտվեն 2018 թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակում: