Իսրայելյանի ազդեցությունն այնքան հզոր է եղել, որ շատ ճարտարապետների ստիպել է վերանայել իրենց գործերը
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված՝ «Իսրայելյան՝ ծանոթ և անծանոթ» ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսում ընդգրկված էին ճարտարապետի չիրականացած նախագծերը, կառուցված հայտնի շինությունների՝ ճարտարապետական փոքր ձևերի, հասարակական, արդյունաբերական, եկեղեցական կառույցների և հուշարձանների էսքիզներն ու նախնական տարբերակները:
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Արևշատյանը ողջունելով ներկաներին, նշել է, որ Ռաֆայել Իսրայելյանի գործերը ցուցահանդեսներում միշտ առանցքային նշանակություն են ունեցել: Դրանք ցուցադրվել են 2012 թվականին Վիեննայի «Խորհրդային մոդեռնիզմ» ցուցահանդեսում, զբաղեցնելով դահլիճի անմիջապես կենտրոնական հատվածը:
Պարոն Արևշատյանը մանրամասնորեն ներկայացնելով Ռ. Իսրայելյանի գործունեությունը, նշել է, որ նա ճարտարապետության մեջ առաջ է քաշել արմատապես նոր մտածողություն ու մոտեցումներ, որոնք ստեղծել են ահռելի ազդեցությամբ նոր մշակույթ, ավանդույթ ու դիրքորոշում:
Այդ փոփոխությունների արդյունքում բազմաթիվ ճարտարապետներ ստիպված են եղել վերանայել նախկինում իրենց կողմից արված գործերը: Իսրայելյանի ստեղծագործական կյանքը բաժանվում է երեք շրջանների, որոնք ազդեցություն են ունեցել միջավայրի ստեղծման իսրայելյանական մոտեցումների վրա:
Ճարտարապետ Անուշ Տեր֊Մինասյանը, ով մեծ ներդրում ուներ կազմակերպված ցուցահանդեսի գործում, նշել է, որ 20-րդ դարի ճարտարապետության մեջ բազմաթիվ մեծանուն ճարտարապետների շարքում հատուկ տեղ էին գրավում Ալեքսանդր Թամանյանը և Ռաֆայել Իսրայելյանը:
«Իսրայելյանը լինելով բոլորովին նոր իր տեսակի մեջ, ստեղծեց ազգային ճարտարապետության կերպարը, ժողովրդականին և ազգայինին համահունչ ձևեր, որոնք ունեցան բազմաթիվ հետևորդներ: Իսրայելյանը լինելով յուրահատուկ՝ թե փոքր ձևերի, թե մոնումենտալ կառույցների մեջ վարպետորեն տիրապետում էր դրանց»,- իր խոսքն ավարտելով նշել է տիկին Տեր-Մինասյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ճարտարապետի ժառանգները, նախկին ուսանողները, ընկերներն և պարզապես նրա արվեստը գնահատող մարդիկ:
Տաղանդաշատ ճարտարապետի աշխատանքներին անծանոթ աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն տվող ցուցադրությունը կտևի մեկ ամիս:
Մուտքն ազատ է: