Միջազգային սեմինար՝ շենքերի էներգաարդյունավետության ստանդարտների քարտեզագրման թեմայով
2018 թվականի մայիսի 14-15-ը Երևանում տեղի կունենա շենքերի էներգաարդյունավետության ստանդարտների քարտեզագրման արդյունքների վավերացման սեմինար` շենքերի էներգաարդյունավետության ստանդարտների միասնական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը:
Սեմինարը ՀՀ կառավարության աջակցությամբ կազմակերպել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Բնակարանաշինության և հողերի կառավարման կոմիտեն՝ Կայուն էներգիայի Կոմիտեի հետ համատեղ 2015 թվականին հիմնել են շենքերի էներգաարդյունավետության ստանդարտների միասնական աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են անդամ պետությունների, ակադեմիայի, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Վերը նշված աշխատանքային խմբի գործունեությունը մեկնարկել է 2017 թվականի հոկտեմբերի 30-31-ը՝ Ժնևում, որին Հայաստանի կողմից մասնակցել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՄԱԿ-ի ԵՏՀ տարածաշրջանում շենքերի էներգաարդյունավետության չափորոշիչների քարտեզագրման վերաբերյալ ուսումնասիրությունների մոտեցումներն ու նախնական արդյունքները:
Այս՝ (թվով երկրորդ) հանդիպման նպատակն է ներկայացնել ՄԱԿ ԵՏՀ տարածաշրջանի շենքերի էներգաարդյունավետության ստանդարտների քարտեզագրման ուսումնասիրությունը և արձանագրել արդյունքները:
Հանդիպման մասնակիցները կներկայացնեն իրենց երկրներում շենքերի էներգաարդյունավետության զարգացման և կիրառական փորձը և կքննարկեն միասնական աշխատանքային խմբի գործունեության հետագա քայլերը: