Քաղաքաշինության պետական կոմիտեում ընդունել են <<Ջերմ օջախ>> ծրագրի ներկայացուցիչներին
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Ֆրանսիական Զարգացման Գործակալության (Agence Française de Développement) և ազգային հիփոթեքային ընկերության էներգաարդյունավետության նպատակով վարկեր տրամադրվող <<Ջերմ օջախ>> ծրագրի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են ծրագրի նպատակն ու առաջնահերթությունները:
Ողջունելով հյուրերին, Ա. Ղուլարյանը նշել է, որ էներգախնայողության վերաբերյալ հարցերը մեր երկրի կարևոր և առաջնահերթ խնդիրներից է, միաժամանակ, շեշտելով, որ շենքերում էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ կատարելուց առաջ նախ պետք է համալիր աշխատանք կատարել՝ շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու ուղղությոմբ:
Ֆրանսիական Զարգացման Գործակալության ներկայացուցիչների տեղեկացմամբ՝ խնդրո առարկա ծրագիրը նպատակ ունի տեղական բանկերի միջոցով վարկային ծրագրեր տրամադրել ցածր և միջին եկամտաբերություն ունեցող քաղաքացիներին, շենքերի վերանորոգման ու էներգաարդյունավետության բարձրացման համար:
Կոմիտեի պատասխանատուները ներկայացրել են այդ համատեքստում Հայաստանում մինչ օրս կատարված աշխատանքները՝ տեղեկատվություն տալով մեր երկրի բնակֆոնդի վիճակի, մաշվածության աստիճանի վերաբերյալ:
Այս առումով անդրադարձ է կատարվել նաև 2018 թվականին մշակվելիք՝ շենքերի անձնագրավորման ծրագրին, որը հնարավորություն կստեղծի առավել հեշտ ընտրել վերանորոգման և բանկերի կողմից ֆինանսավորման կարիք ունեցող շենքերը:
Ամփոփելով հանդիպումը, Ա. Ղուլարյանը նշել է, որ ՀՀ-ում արդեն իսկ կառուցվել են էներգախնայողության մեխանիզմով շենքեր, որոնք կյանքի կոչվելուց հետո եղել են շատ արդյունավետ:
Գործակալության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատրաստակամություն են հայտնել Կոմիտեի հետ համագործակցելու և համատեղ ծրագրեր իրականացնելու գործում: