Նարեկ Սարգսյանը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի բնակարանային և հողի կառավարման կոմիտեի հերթական նստաշրջանին
Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում 2017 թվականի նոյեմբերի 8-10-ը կայացել է Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի բնակարանային և հողի կառավարման կոմիտեի 78-րդ նստաշրջանը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Նստաշրջանը նպատակ ուներ ամփոփելու այնպիսի միջազգային համաձայնագրերի իրականացման ձեռքբերումներն և մարտահրավերները, որպիսիք են Կայուն Զարգացման Օրակարգը՝ մինչև 2030 թվականը, Քաղաքների զարգացման նոր օրակարգը և Կայուն բնակարանային տնտեսության մասին ՄԱԿ-ի Ժնևյան խարտիան:
Նստաշրջանի 2-րդ օրը կայացել է Նախարարական համաժողովը, որը նվիրված էր ՄԱԿ ԵՏՀ-ի բնակարանային և հողի կառավարման կոմիտեի հիմնադրման 70-ամյակին:
Համաժողովի ժամանակ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրում մատչելի բնակարանների հասանելիության մասով իրականացված աշխատանքները, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:
Նախարարական համաժողովն ամփոփվել է կայուն բնակարանային տնտեսության և քաղաքային զարգացման մասին Ժնևի նախարարական հռչակագրի ստորագրմամբ:
Ժնևում կայացել է նաև Նարեկ Սարգսյանի հանդիպումը շվեյցարաբնակ գործարար Վարդան Սիրմաքեշի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են գործարարի կողմից Հայաստանում իրականացվելիք մի շարք ներդրումային ծրագրերին առնչվող խնդիրներ, մասնավորապես` <<Հին Երևան>> և Երևան քաղաքում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքը: