Քաղաքաշինության կոմիտեն 105 մլն դոլարի ծրագիր կիրականացնի. կքանդվի «Ֆիրդուսի շուկան», Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակը և կկառուցվեն ն
Սկզբնաղբյուր http://www.tert.am/am/news/2017/02/08/narek-sargsyan/2272532
08.02.17; http://www.tert.am/am/news/2017/02/08/narek-sargsyan/2272532
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն Կառավարությանն է ներկայացրել 2017 թվականին կառուցապատման ներդրումային փաթեթները, որոնց շուրջ արդեն քննարկումներ եղել են և կոմիտեի ներկայացրած ծրագրերից 105 մլն դոլարի ծրագրեր համարվել են իրատեսական, որոնք կիրականացվեն 3 տարվա ընթացքում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Նարեկ Սարգսյանն ասաց, որ այդ գումարի մեջ չեն մտնում այն ծրագրերը, որոնք արդեն մեկնարկել են.«Սա չի վերաբերում այն ծրագրերին, որոնք իրականացվում են այս պահին քաղաքապետարանի կողմից, որոնք գտնվում են շինարարության փուլում, մասնավորապես Երևանի կրկեսը, ճանապարհաշինարարական աշխատանքները, ընթացիկ փոքր ծավալի շինարարությունները: Ինչ վերաբերում է 105 մլն դոլարին, ապա մենք կանխատեսում ենք, որ իրատեսական ծրագրերի իրականացման դեպքում այդ գումարը ոչ թե կնվազի, այլ կաճի»:
Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ նախատեսված գումարի մոտավորապես 50 տոկոսը կտրամադրվի բնակարանաշինությանը, որի համար պետական բյուջեից կհատկացվի նախատեսվող գումարի միայն 5 տոկոսը, մնացածը մասնավոր ներդրումներ են: Նարեկ Սարգսյանի խոսքով՝ 105 մլն դոլարի մնացած 50 տոկոսն էլ կհատկացվի հյուրանոցային համալիրների և այլ շինությունների կառուցմանը.«Բնակարանային շինարարությունը մեծ մասամբ Երևանի կենտրոնից դուրս շինարարություններ են, մասնավորապես Դավիթաշեն, Զեյթուն, Քանաքեռ վարչական շրջաններում: Բնակարանային շինության այս տարվա ներդրումային ծավալը կազմելու է մինչև 45 մլն»:
Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ 2017-ին իրականացվելիք ծրագրերից է Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակի քանդումն ու նոր շինարարության մեկնարկը.«Կայարանամերձ շինությունն ամբողջովին կքանդվի և այս տարի կսկսվեն հողային աշխատանքները: Այդտեղ կկառուցվի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր՝ էկոնոմ և բարձր դասի, առևտրային և հասարակական, գրասենյակային համալիր է կառուցվելու, այս պահին այն քննարկման փուլում է»:
Tert.am-ի հարցին, թե կայարանամերձ տարածքի հատկապես ո՞ր մասն է քանդվելու, Նարեկ Սարգսյանն ասաց, որ խոսքն այն հատվածի մասին, որը ԽՍՀՄ-ի տարիներին եղել է կինոթատրոն.«Հավաքովի կոնստրուկցիայով մնաց այդ շենքը, հավաքովի բետոնի կարկասը կքանդվի: Բացի այդ, ես ներդրողի առաջ պահանջ եմ դրել, ասել եմ, որ նախկինում կինոթատրոն է եղել, ինքը համաձայնել է այդ հատվածում մի փոքր կինոթատրոն կառուցել և կոչել «Սասունցի Դավիթ»:
Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ բացի կայարանամերձ հատվածից կքանդվի նաև Ֆիրդուսի շուկան, իսկ թե այլ տարածք կտրամադրվի, թե ոչ այդտեղ առևտրային գործունեություն իրականացնողներին, Նարեկ Սարգսյանն ասաց, որ դա Երևանի քաղաքապետարանին վերաբերող հարց է:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նաև մի շարք ալ ծրագրեր ևս նշեց, այդ թվում՝ Արշակունյաց պողոտայի վրա նախատեսվող հյուրանոցային և վարչահասարակական տարածքների կառուցումը, Աբովյանի հրապարակի ետնամասում հին ջրամբարը կտեղափոխվի, քննարկվում է Կոնդի թաղամասի մի հատվածը վերակառուցելու հարցը:
Tert.am-ի հարցին, թե արդյոք 105 մլն դոլարն արդեն կա՞ և առաջիկայում որոշ ծրագրերի չիրականացումը չի կապվի ներդրողների հրաժարվելու կամ գումար չլինելու պատճառների հետ, Նարեկ Սարգսյանն ասաց, որ իրականում իրենք Կառավարությանը ներկայացրել են 240 մլն դոլարի ծրագիր, սակայն 105 մլն դոլարը հաստատված գումարն է.«Կան ներդրողներ, կա ամեն ինչ, մնացել է իրականացնել աշխատանքային նախագիծը: Այդ մասով ես պատասխանատվություն եմ կրում իմ ասած թվի համար»: