Միջազգային գիտաժողով՝ տարածաշրջանի ճարտարապետական ժառանգության արդի հիմնախնդիրները թեմայով
Международный симпозиум на тему актуальных проблем архитектурного наследия региона.
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը հաջորդ տարի նախատեսում է միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանի պետական համապատասխան կառույցների և ինստիտուտների ներգրավմամբ կազմակերպել տարածաշրջանի ճարտարապետական ժառանգության հիմնախնդիրներին վերաբերող միջազգային գիտաժողով, որի նպատակը տարածաշրջանի մասնագետներին մեկ հարկի ներքո համախմբելով առկա փաստերի և փաստարկների, տեսակետների և մտքերի համադրումն է:
Գիտաժողովը հնարավորություն է՝ տեղեկանալու և վերլուծելու գոյություն ունեցող նյութերն ու փաստերը, այդ համատեքստում անդրադառնալով ոլորտի արդի խնդիրներին, դրանց լուծման մեթոդաբանությանը:
Գիտաժողովի նախաձեռնողների գնահատմամբ՝ մեր տարածաշրջանի երկրների քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրոնական և այլ գործոններով պայմանավորված՝ ճարտարապետական ժառանգությունն այժմ շատ տարբեր է մեկնաբանվում, պահպանվում, վերականգնվում և վերօգտագործվում: Ոլորտում առկա են բազմաթիվ տեսական և գործնական խնդիրներ, որոնք համատեղ և բազմակողմանի քննության կարիք ունեն:
Ճարտարապետական ժառանգության արդի խնդիրներին նվիրված գիտաժողովը հավակնում է լույս սփռել այս տարածաշրջանում գոյություն ունեցող բազում վիճահարույց խնդիրների, մշակել համատեղ ծրագրեր, մասնագիտորեն գնահատել կատարված և կատարվելիք աշխատանքները և այլն:
Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են: