Պատմական հիմքը քաղաքի հարստությունն է
Սկզբնաղբյուր http://haymedia.am/?p=11134&l=am/patmakan+himqy+qaxaqi+harstutyun+e
25.12.2016; http://haymedia.am/?p=11134&l=am/patmakan+himqy+qaxaqi+harstutyun+e
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ Մեդիա կենտրոնում հանդես եկավ տարեվերջյան ասուլիսով։
ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ՝ 2017-ԻՆ
2016 թվականին քաղաքաշինության կոմիտեի հիմնական ձեռքբերումների ցանկում Ն. Սարգսյանը հատկապես կարեւորեց օրենսդրական գործունեությունը, որի արդյունքները մոտ ապագայում տեսանելի կլինեն: Այդ համատեքստում նա առանձնացրեց Երեւանի Փոքր կենտրոնի կառուցապատման մասին օրենքի նախագիծը, որը բազմաթիվ քննարկումներից հետո ընդունվել եւ այժմ Ազգային ժողովում է: Այն պատասխանում է բոլոր խնդիրներին եւ մարտահրավերներին, որոնք կան կառուցապատման մեջ:
Կարեւորվեց նաեւ «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որի արդյունքը լինելու է ճարտարապետների պալատի ստեղծումը։ Այսպիսով կկանոնակարգվեն մասնագիտական ոլորտի շատ խնդիրներ: Պակաս կարեւոր չեն պետական փորձաքննական ինստիտուտի վերստեղծումը, որի բացակայությունն անկախության շրջանում մասնագիտական դաշտում զգալի էր։
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը օրենսդրական նախաձեռնությունների թվում հիշատակեց նաեւ վաստակավոր շինարարի կոչումը վերականգնելու համար կատարված օրենսդրական աշխատանքը եւ այլն:
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԿՈՄԻՏԵ
Այս թեման եւս հուզողներից էր. հատկապես գործառույթների իրացման տեսանկյունից ո՞րն էր ավելի արդյունավետ: Այս հարցին Նարեկ Սարգսյանը հումորով է պատասխանում՝ «Եթե անկեղծ պատասխանեմ, կոմիտեն էլ գուցե վարչություն դարձնեն»: Իր իսկ խոսքով՝ առաջիկա տարում քաղաքաշինության պետական կոմիտեն 500 միլիոն դոլարի ներդրում է ակնկալում: Իր ժամանակի զգալի մասը ներդրումային ծրագրերի վրա ծախսելով՝ նա վստահ է, որ 2017-ին արդյունքները տեսանելի կլինեն այս բնագծում:
Ներդրումային քաղաքաշինական ծրագրերից կոմիտեի ձեռքբերումների թվում Ն.Սարգսյանը նշեց ե՛ւ Ֆիրդուսի շուկայի տարածքի կառուցապատումը, ե՛ւ Հին Երեւանը՝ Աֆրիկյանների եւ Արամ Մանուկյանի տների վերակառուցմամբ. «Այս տարի Ֆիրդուսի թաղամասի մոտ 20%-ում կառուցապատման աշխատանքներ են տարվում: «Հին Երեւան» ծրագիրը նույնպես սկսել է իրականանալ: Տարածքի 70 տոկոսում վերանորոգման եւ կառուցապատման աշխատանքները շուտով կավարտվեն:
Աֆրիկյանների տունը իր արժանի տեղը կգտնի այստեղ, իսկ Արամ Մանուկյանի տունը վերակառուցվելուց եւ ուժեղացվելուց հետո անպայման կունենա հայտնի պետական գործչին վերաբերող թանգարանային հատված: Վստահ եմ՝ կառավարությունն այս հարցը կբարձրացնի ներդրողի առջեւ, եւ վստահ եմ, որ ներդրողն էլ ընդառաջ կգնա, քանի որ դրան սպասում են բոլորը: Կարծում եմ՝ դա ճիշտ լուծում կլինի»: