«Կառուցապատողի ուղեցույցը»` այսուհետ նաև ռուսերեն և անգլերեն
Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը քննարկման է ներկայացրել «Կառուցապատման գործընթացի իրականացման ընթացակարգերը նկարագրող եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) Բուկլետի հրատարակում» մասին որոշման նախագիծը, նշելով, որ «Կառուցապատողի ուղեցույցը» մշակվել և նախարարության էլեկտրոնային կայքում է տեղադրվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագրի իրականացման շրջանակներում:
Պարզաբանելով նախարարության կողմից «Կառուցապատողի ուղեցույցը» մշակելիս ոչ թե թղթային, այլ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելուն նախապատվություն տալու անհրաժեշտությունը, նա ասել է, որ շինարարության ոլորտի բարեփոխումների կարգերը մշտապես ենթակա են փոփոխման, գործընթացը շարունակական բնույթ է կրում, ուստի նպատակահարմար է եռալեզու ուղեցույցը պարբերաբար թարմացնել նախարարության կայքում:
Նախարար Ն. Սարգսյանը կառավարությանը ներկայացրել է նաև «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» և «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ների միացման ձևով վերակազմակերպելու, «Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ վերանվանելուց հետո միացյալ ծախսային ծրագրերի մասին որոշման նախագիծը և նշել, որ որոշման ընդունմամբ ակնկալվում է ոչ միայն աշխատանքների արդյունավետության բարձրացում, այլև` ֆինանսական տնտեսումներ: