Հանդիպեցին ճարտարապետների մի քանի սերունդ
Ալեքսանդր Թամանյանի մահվան 80-ամյակի առիթով այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ Կոմիտասի անվան պանթեոնում հանգրվանած երևելի ճարտարապետի շիրիմին իրենց հարգանքի տուրքն են մատուցել հայ ճարտարապետների մի քանի սերունդ:
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը արժևորելով Ալ. Թամանյանի դերն ու նշանակությունը ներկաներին հորդորեց անդավաճան լինել մեծ ճարտարապետի հիշատակին. «Թամանյանը այն մարդկանցից էր, ով ապրելով ընդամնեը 58 տարի, կարողացել է ստեղծել մնայուն, հիշարժան ու մարդկային գիտակցության մեջ չտեղավորվող գործեր: Նա իր գործունեության ընթացքում գլխավորել է հուշարձանների պահպանության կոմիտեն, գտնելով, որ դա կարևորագույն խնդիրներից մեկն է մեզ համար: Նա առաջինն էր, ով ստեղծել է ճարտարապետության արվեստանոց, որտեղ էլ հետագայում ծնվել է Երևանի գլխավոր հատակագիծը: Գլխավոր հատակագծեր է մշակել նաև Գյումրիի ու Արմավիրի համար: Թամանյանի գործերը ուսումնասիրելով հասկանում ես, որ մենք` հայերս, այն երջանիկ մարդկանցից ենք, որ ունեցել է նման գիտելիքների ու կարողությունների տեր հայրենակից»:
Շինարարների միոթյան նախագահ Գագիկ Գալստյանն իր խոսքում նշեց, որ Թամանյանի ներդրումը ակնհայտ է թե՛ ճարտարապետության և թե´ շինարարության մեջ:, քանզի նա ոչ միայն նախագծում էր, այլև անձամբ էր կյանքի կոչում իր նախագծերը` դրանց մեջ դնելով սիրտ ու հոգի:
Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն էլ ի հավելումն ասված խոսքերի նշեց, որ Թամանյան ի վերուստ օժտված լինելով մեծ կարողություններով, ստեղծեց հայության մայրաքաղաք Երևանը` եվրոպական քաղաքների մասշտաբայնությանն ու չափանիշներին համապատասխան:
Ալ. Թամանյանը վախճանվել է 1936 թվականի փետրվարի 20-ին: