Քաղաքաշինության նախարարի խորհրդակցությունը՝ Շիրակի մարզպետարանում
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի աշխատանքային այցը Գյումրի մեկնարկել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցից, ուր նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ ծանոթանալով Ա. Վարդանյանի աշխատանքներին, քննարկել է միջնադարում ապրած և ստեղծագործած հայ նշանավոր ճարտարապետ Տրդատի արձանը ստեղծելու և Գյումրիում տեղադրելու թեման:
Հաջորդ կանգառը ՀՀ ԳԱԱ Ա. Նազարյանի անվան երկրաֆիզիկայի և ինժեներական սեյսմաբանության ինստիտուտն էր, (որի շինարարությունը տարիների ընդմիջումից հետո վերսկսվել էր), ուր նախարարը ծանոթացել է քաղաքաշինական ԾԻԳ ՊՀ պատվիրատվությամբ պետբյուջեի միջոցներով իրականացվող շինաշխատանքների ընթացքին:
Մինչ մարզպետարանում նախատեսված խորհրդակցութունը Նարեկ Սարգսյանը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանի ուղեկցությամբ եղել է Գյումրու Սավոյան փողոցում և «Ֆանտաններ» կոչվող թաղամասում, որտեղ դեռեւս մեծ թիվ են կազմում տնակային տնտեսություն վարող անօթևանները:
Շիրակի մարզպետարանում՝ խորհրդակցությունից առաջ նախարար Սարգսյանը պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին, անդրադառնալով Շիրակի մարզի բազմաթիվ քաղաքաշինական հիմնահարցերին:
Մարզպետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարարը անդրադարձ է կատարել Գյումրիում արդեն իսկ մեկնարկած՝ բնակարանների գնման վկայագրերի ծրագրի ընթացքին, Ախուրյանում և այլ գյուղական բնակավայրերում բնակապահովման խնդրի լուծմանը, սեփականաշնորհման գործընթացին, վթարային շենքերի ուժեղացման, Գյումրիի շրջանցիկ ճանապարհի և այլ խնդիրների: Մինչև 2016 թվականի վերջը Գյումրիի համար նախանշելով իբրև Աղետի գոտի բնորոշումից իսպառ ձերբազատված լինելու ժամանակահատված, քաղաքաշինության նախարարը կարևորել է նաև Գյումրիում զարգացման ծրագրերի իրականացումը, նշելով, որ Գյումրին միակ քաղաքն է Երևանից բացի ամբողջ հանրապետությունում, որն իր վրա կարող է և պետք է վերցնի որոշ մայրաքաղաքային ֆունկցիաներ:
Հավելենք, որ Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուներից զատ խորհրդակցությանը մասնակցում էր նաև «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանը, որը ներկայացրեց իր ղեկավարած կենտրոնի հետազոտությունների արդյունքում ձևավորված առաջարկությունները: