ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԿՍԿՍՎԻ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ
Սկզբնաղբյուր http://www.armworld.am/detail.php?paperid=4959&pageid=152267&lang=
03.12.2014; armworld
Երեկ կառավարությունը՝ ի դեմս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գեւորգ Մաչանյանի, համաձայնագիր ստորագրեցին «Հին Երեւան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ:
Արարողությանը մասնակցում էին վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երեւան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված եւ Երեւան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երեւան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երեւան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը:
Ծրագրի շինարարական աշխատանքները կսկսվեն 2015 թվականին: Ժամանակացույցը կհամաձայնեցվի կողմերի միջեւ՝ որպես համաձայնագրի անբաժան մաս:
«Հին Երեւան» ծրագրի (նախագծող ճարտարապետ՝ Լեւոն Վարդանյան) հետ կապված՝ կառավարությունը նախկինում էլ մի շարք որոշումներ է կայացրել, սակայն ծրագիրը տեղից չի շարժվել:
Կառավարության վերջին՝ նոյեմբերի 6-ի որոշման՝ թղթից իրականություն դառնալու հնարավորությունը երեկվա համաձայնագրի ստորագրմամբ, կարելի է ասել, մեծ է: Թեկուզեւ այն պատճառով, որ ծրագրի կայացման գործում իր լուրջ ներդրումն ունեցավ վարչապետը: Քննարկումներին եւ բանակցություններին ակտիվ մասնակցություն ունեցան քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը:
Կառավարության վերջին որոշման ընդունումից հետո Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, թե «Հին Երեւան» ծրագրի իրականացման համար տարիներ շարունակ ընթացող միասնական կառուցապատողի ընտրության կայացմամբ ծրագիրն ավելի արդյունավետ ընթացք կունենա՝ զերծ լինելով առանձին կառուցապատողների՝ տարբեր հողակտոր տրամադրելու ռիսկից (ի դեպ, ասենք, որ այս համատեքստում կլուծվի նաեւ Կոնդի բնակիչների բնակապահովման խնդիրը):
Նկատենք, որ այս պարագայում ռիսկայնությունը մեծ էր, քանզի մի բան է ողջ տարածքի համար մեկ սեփականատիրոջ հետ գործ ունենալը, բոլորովին այլ՝ կտոր-կտոր տարածքների առանձին սեփականատերերի հետ բանակցելը: Մանավանդ որ խոսքը սակավ հարկայնություն ունեցեղ շենքերի, հին Երեւանին հատկանշական կոլորիտային միջավայրի ձեւավորման համար՝ հասարակական-մշակութային, էթնիկ-զբոսաշրջային միջավայր կյանքի կոչելու բարդ խնդրի մասին է։
Շուրջ 10 տարի լինելով մայրաքաղաքի կարեւոր քաղաքաշինական ծրագրերից մեկը՝ այն բազմաթիվ փորձությունների միջով է անցել. սեփականատերեր են եկել, գնացել, ծրագրի ջերմ ջատագովները նույն ծրագրի թունդ հակառակորդներ են դարձել եւ այլն, եւ այլն...
Ի դեպ, հակառակորդների մասին. հենց ծրագրի իրականացման փոքր-ինչ հնարավոր տարբերակներ էին հայտնվում, նրանք միանգամից ջրի երես էին դուրս գալիս: Այս առումով ուշագրավ է դեռեւս 2012 թվականին, «Հին Երեւան» ծրագրի հերթական բումի օրերին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքագիտական հետազոտությունների սեկտորի վարիչ, ոմն Ֆուադ Ախունդովի՝ «Ռեգնումին» տված զվարճալի հարցազրույցը: Նրա ականջին էր հասել, թե Հայաստանի մայրաքաղաք Երեւանում «Հին Երեւան» ծրագիր է իրականացվում, որով 19-20-րդ դարերի ճարտարապետական նմուշ հուշարձան-շենքերի միջոցով այդ շրջանի կոլորիտին բնորոշ միջավայր է ձեւավորվելու:
Եվ ահա սույն անձնավորությունը փորձ էր արել կասկածի ենթարկել Երեւանի հազարամյակների պատմությունը մոտավորապես այս հանգով` բա ո՞նց է Երեւանը հավակնում հնամենի քաղաքի կոչման, ո՞ւր են ձեր հազարամյակների պատմության մասին փաստող հուշարձանները, եթե այսօր ընդամենը քաղաքի 19-20-րդ դարերի շենքերն եք վերակառուցում որպես «Հին Երեւան»: Ձեռքի հետ էլ, թե՝ մենք կարող ենք տրամադրել Հայաստանին հին գծագրերը՝ վերականգնելու Երեւանի կենտրոնը: Ահա այսպես:
Նկատենք, որ, «Հին Երեւանը» մերժելով չէր բավարարվել Ախունդովը՝ առաջարկելով որպես հին Երեւան վերականգնել 7-րդ դարի կառույց հանդիսացող Երեւանի բերդը, որն ադրբեջանցի պաշտոնյայի մտապատկերում 16-րդ դարից է սկսվում: Իրենք այդքանը գիտեն, ուրեմն պատմությունն այդտեղից է սկսվում:
Իհարկե, եթե այս տեսակետի կրողը թշնամին է, դեռ կարելի է հասկանալ, իսկ այս ծրագրի հանդեպ բացասաբար տրամադրված մեր հայրենակիցներին հասկանալն արդեն շատ ավելի դժվար է:
Այսօր վերականգնվում է երեւանյան պատմության մի հատված՝ ցարական շրջանի Երեւանն իրեն բնորոշ միջավայրով։ Հուսանք, որ մի օր էլ Շենգավիթն ու Կարմիր բլուրը հնավայրին բնորոշ խնամված եւ բարեկարգ նկարագրով կներկայանան մեզ եւ աշխարհին: