Մարզպետները չեն շտապում ստանձնել արդյունավետ վերահսկողի դերը
12.11.2014; hetq.am
Ջերմուկ քաղաքում նոյեմբերի 7-8-ը տեղի ունեցավ «Գյուղական համայնքների 4-րդ համաժողովը»` բավականին հագեցած օրակարգով: Երեք դահլիճներում զուգահեռաբար ընթացող թեմատիկ քննարկումները բովանդակային առումով թեեւ հարուստ էին, այնուամենայնիվ, դրանք չէին հավակնում պատասխանելու այն բոլոր հարցադրումներին, որոնք ներկայացնում էին համաժողովին մասնակից համայնքապետերն ու ավագանու անդամները՝ ընդհանուր հաշվով 116 համայնքի ղեկավար եւ ավագանու 50 անդամ:
Տարաբնույթ հարցերի մեծ քանակությունը պարզորոշ ցույց էր տալիս, որ համայնքների ղեկավարները դրանք այլ հարթակներում ներկայացնելու հնարավորություն չեն ունեցել կամ՝ ներկայացված հարցերն անպատասխան են մնացել: Ջերմուկում չորրորդ տարին անընդմեջ անցկացվող համաժողովը թերեւս միակ հարթակն է, որտեղ համայնքներին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխաններ ակնկալում են ստանալ ոլորտի անմիջական պատասխանատուներից: Նշենք, որ համաժողովին մասնակցում էին պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Հարցադրումների այն շրջանակը, որ ներկայացվում էր քննարկումների ժամանակ, հիմնականում վերաբերում էր Աշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, ավտոմեքենաների վերաբերյալ ոստիկանությունից ստացվող տեղեկատվությանը եւ գնումների գործընթացին: Տեղական իշխանության ներկայացուցիչներին անըմբռնելի է Կադաստրի գործելաոճը, տարիներ շարունակ հնչող հարցադրումները՝ չափագրումների անճշտությունների, քարտեզագրումներն աղաղակող խախտումներով կատարելու եւ այլնի մասին, լուծում չեն ստանում: Համայնքներում մեքենաների հաշվառման եւ գույքահարկի բազայի անճշտությունները չեն հստակեցվում, դժվարանում են անսխալ կիրառել գնումներին ներկայացվող պահանջները եւ այլն:
Ջերմուկի համաժողովում հնչած այս եւ բազմաթիվ այլ հարցեր պետք է քննարկված լինեին մարզխորհուրդների նիստերում, որի անդամները համայնքների ղեկավարներն են: Համենայնդեպս, այդպես է սահմանված «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի ՆՀ-728 հրամանագրով: Մեկ տարի առաջ հրամանագրում կատարված լրացումը նպատակ ուներ նախորդ տասնամյակում մարզպետների իրականացրած ձեւական վարչական հսկողությունը դարձնել արդյունավետ վերահսկման միջոց, հստակեցնել մարզպետների գործունեության շրջանակը:
Հսկողության իրականացման նոր կարգը հնարավորություն է տալիս ի մի բերել վարչական հսկողության արդյունքում ի հայտ եկած օրինախախտումներն ու բացթողումները, վերլուծել պատճառները, որպեսզի բացառվեն տեղական իշխանությունների ապօրինությունները, լուծումներ տրվեն համակարգային բնույթ կրող հարցերին: 2014թ.-ին մարզետարաններն արդեն համայնքներում վարչական հսկողությունն իրականացրին միասնական հարցաշարով՝ հիմք ունելով սույն հրամանագրով ամրագրված դրույթները: Այն հնարավորություն տվեց վեր հանել ոլորտային մի շարք խնդիրներ, որոնք բնորոշ էին հանրապետության բոլոր մարզերին եւ գրեթե բոլոր համայնքներին: Ըստ այդմ, հրամանագրի 1•47 կետի համաձայն՝ վարչական հսկողության արդյունքները պետք է ամփոփվեն եռամսյակը մեկ անգամ եւ «ներկայացվեն մարզի խորհրդի առաջիկա նիստում»:
Հրամանագրում կատարված լրացումն, ըստ էության, հնարավորություն տվեց ապահովելու վարչական հսկողության միասնականությունը, բայց ոչ՝ արդյունավետությունը, քանի որ փաստաթղթում ամրագրված պահանջները կիրառություն չգտան: Մեր մոնիտորինգի արդյունքներով՝ տարվա ընթացքում օրակարգում մեկ անգամ են հարցն ընդգրկել Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզպետարանները: Մարզխորհրդի օրակարգում հարցն ընդհանրապես չեն ընդգրկել` Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի եւ Լոռու մարզպետարանները:
Նույնիսկ այն մարզպետարանները, որոնք մարզխորհուրդների օրակարգում ներառել են վարչական հսկողության արդյունքների մասին հարցը, դժվարանում ենք ասել, թե իրականում ինչ ծավալով են քննարկել եւ ինչ հետեւություններ են արվել դրանից: Մարզխորհրդի նիստերի արձանագրությունները մանրամասներ չեն պարունակում, բացառությամբ Տավուշի մարզպետարանի, որը համապարփակ տեղեկատվություն է հրապարակել հսկողությամբ արդյունքում ի հայտ եկած խնդիրների մասին:
Վարչական հսկողության արդյունքներով՝ համայնքներում արձանագրված օրինախախտումների հիմնական մասը բաժին է ընկնում քաղաքաշինության եւ հողօգտագործման ոլորտներին: Այս ոլորտներին բնորոշ օրինախախտումներն ընդհանրական են գրեթե բոլոր մարզերի բոլոր համայնքների համար• համայնքը գլխավոր հատակագիծ չունի, քաղաքաշինական կանոնադրություն չունի, ընթացիկ քաղաքաշինական քարտեզ չի վարվում, քանդման թույլտվությունը տրվել է առանց նախագծային փաստաթղթերի, հողերի գոտիավորման եւ oգտագործման uխեմաները չեն կազմվել, համայնքներում չեն պահպանվում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները, ինչպես նաեւ՝ նախագծման առաջադրանքները «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջներով չեն կազմվում, չեն պահպանվում «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքով եւ ենթաօրենսդրական ակտերով սահմանված պահանջները եւ այլն:
Նշված հարցերից մեկը՝ համայնքների գլխավոր հատագիծ չունենալը, վերջերս քաղաքաշինության նախարարությունը սեփական նախաձեռնությամբ ընդգրկվել էր կոլեգիայի նիստի օրակարգում:Նախարարությունը մտահոգիչ է համարել գյուղական համայնքների վիճակը` 872 համայնքից միայն 30-ը գլխավոր հատակագիծ ունեն: Հանրապետության 49 քաղաքային համայնքներից հաստատված գլխավոր հատակագիծ ունեն 44-ը, ընդ որում, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի նախագիծը վերջերս է հաստատվել: Տեղեկացվեց, որ այդ հարցի հետ կապված քաղաքաշինության նախարարությունը պատրաստվում է նոր օրենսդրական առաջարկություններ մշակել:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այս հարցի վերաբերյալ նշել է, անհրաժեշտ է հարցին լուծում տալ` սահմանելով որոշակի չափորոշիչներ` տվյալ համայնքում գլխավոր հատակագծի անհրաժեշտությունը որոշելու համար: Համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու մյուս տարբերակը, ըստ նախարարության, պետության կողմից նախագծերի պատվիրումն է, որոնք կներառեն որոշակի տարածաշրջանային միավորներ (ասենք` Դիլիջանի կամ Գորիսի տարածաշրջան եւ այլն)` եւ տարածքային հատակագծման միջոցով լուծելով գյուղական բնակավայրերի գլխավոր հատակագծերի խնդիրը:
Տեղական ինքնակառավարման մարմինների եւ իշխանության միջեւ ֆորմալ երկխոսության մեխանիզմի բացակայության մասին այս տարի Հայաստանի իշխանություններին հիշեցրեց նաեւ Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսը՝ 2014թ• մարտին ընդունած թիվ 351 Հանձնարարականով: Հանձնարարականը կազմվել էր հիմք ունենալով Տեղական ինքնակառավարման խարտիայի հարցերով անկախ փորձագիտական խմբի իրականացրած մոնիտորինգի արդյունքները:
Մարզխորհուրդները, սակայն ներկայիս գործելաոճով չեն հավակնում դառնալ այն ֆորմալ հարթակը, որի մասին հիշեցնում է Կոնգրեսն իր Հանձնարարականում: Ջերմուկի համաժողովը նման հարթակներից մեկը կարող է լինել, բայց չի կարող լրացնել այդ բացը: Վարչական հսկողությունը ժամանակի ընթացքում պետք է փոխարինի ՏԻՄ-երում բոլոր տեսակի ստուգումներին, հետեւաբար, անհրաժեշտ է զարգացնել այն եւ ապահովել հսկողության արդյունավետությունը: