Նախարար Ն. Սարգսյանի ելույթը <<Քաղաքների պլանավորման և բնակարանային տնտեսության>> խնդիրներով միջազգային աշխատաժողովին
Հարգելի տիկնայք և պարոնայք
Թույլ տվեք ողջունել <<Քաղաքների պլանավորման, բնակարանային տնտեսության, էներգաարդյունավետության և աղետների ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» խորագրով աշխատաժողովի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև առանձնահատուկ երախտագիտությունս հայտնել ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովին և ՄԱԿ-Հաբիթաթին այս համաժողովի կայացմանն ուղղված գործադրված ջանքերի համար:
Բարձր գնահատելով ՄԱԿ ԵՏՀ-ի և ՄԱԿ-ՀԱԲԻԹԱԹԻ հետ երկարամյա համագործակցությունը, ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված շարունակական համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել Հայաստանի քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային տնտեսության ազգային կարողությունների զարգացման ծրագիրը, որի շրջանակներում կատարվելու են երկրի նկարագրի (Country Profile) ուսումնասիրություններ` կայուն քաղաքաշինության, տարածական պլանավորման, բնակարանային քաղաքականության զարգացման, շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ու էներգախնայողության ոլորտներում: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա էլ նախատեսվում է մշակել նշված ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ուղղված առաջարկություններ` հիմնվելով երկրում առաջացած մարտահրավերների դիմակայման, կլիմայի փոփոխության ազդեցությունների նվազեցման և աղետների ռիսկի կրճատման, ինչպես նաև երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակում ծագած խնդիրների լուծման վրա:
Ցանկանում եմ նշել, որ բնակավայրերի կայուն զարգացումը` տարածական պլանավորումը, քաղաքաշինության զարգացումը և բնակարանային քաղաքականությունը հանդիսանում են նախարարության գործունեության առաջնահերթ ուղղությունները, որոնց կարևորությունը պայմանավորված է շինարարությունում հողերի արդյունավետ օգտագործման հրատապ անհրաժեշտությամբ, արդյունավետ բնակարանային տնտեսության զարգացմամբ, պատմա-ճարտարապետական ժառանգության տարածքների վերականգնմամբ, կլիմայի փոփոխության հարմարվողականության խնդիրներով:
Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում որոշակի միջոցառումներ են ձեռնարկվել քաղաքների կայուն զարգացման, տարածական պլանավորման և բնակարանային ոլորտի բարեփոխումների ուղղությամբ. մասնավորապես, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման, քաղաքաշինության բնագավառի օրենսդրական դաշտի բարելավման, անօթևան ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային ծրագրերի իրականացման, շենք-շինություններում էներգաարդյունավետության բարձացման և բնակարանային ֆոնդի կառավարման բնագավառի բարեփոխումների ուղղությամբ:
Սակայն դեռ առկա են լուծում պահանջող բազում խնդիրներ, որոնք կներկայացվեն Ձեր քննարկմանը: Կառավարության դիրքորոշումը այն է, որ միայն միասնական մոտեցումների ընդունումով և համագործակցության շրջանակներում կարող է ապահովվել առաջադրված նպատակների արդյունավետ իրագործումը: Նպատակ ունենալով հստակեցնել համագործակցության հնարավորությունները` այս երկու օրվա ընթացքում կներկայացվի նաև տեղեկատվություն բնագավառում գործող սուբյեկտների կողմից իրականացված և հետագա ծրագրերի վերաբերյալ:
Աշխատաժողովի հարգելի մասնակիցներ, հույսով եմ, որ այս երկօրյա քննարկումների արդյունքներով կձևավորվեն մոտեցումներ, որոնք կօժանդակեն Հայաստանի կառավարությանը լուծելու բնակավայրերի կայուն զարգացման առջև ծառացած խնդիրները:
Կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում աշխատաժողովին մասնակցության համար և մաղթում եմ բոլորիս արդյունավետ համագործակցություն և հաջողություն մեր բոլոր նախաձեռնություններում և այսքանով թույլ տվեք բացված համարել աշխատաժողովը:
Շնորհակալություն