Երևանյան ճարտարապետական բիենալե-2014-ին կմասնակցեն 12 երկրներ, 160 ճարտարապետներ
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի   նախաձեռնությամբ  իրականացվող <<Երևանյան ճարտարապետական բիենալե-2014>>–ը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին և առաջինը լինելով` հետայսու ավանդույթ կդառնա. երկու տարին մեկ Երևանում կկազմակերպվեն ճարտարապետական բիենալեներ` նպաստելով  մեր ինքնության կարևոր  գործոններից մեկի` հայ ճարտարապետության քարոզմանն ու հանրահռչակմանը, դառնալով յուրահատուկ հարթակ երիտասարդ ճարտարապետների աշխատանքների ցուցադրման համար, ոչ միայն հայազգի ճարտարապետների, այլև` օտարների մասնակցության  համար: 
ՀՀ քաղաքաշինության նախարարության <<Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ>> ՊՈԱԿ  տնօրեն Աշոտ Գրիգորյանի ներկայացմամբ` <<երևանյան բիենալեին , որի բացումը կլինի հոկտեմբերի 6-ին, իսկ հանդիսավոր փակումը`  նոյեմբերի 6-ին, մասնակցության հայտ են ներկայացրել 12 երկրներ` այդ թվում` Հայաստան, ՌԴ, ՈՒկրաինա, Վրաստան, Իտալիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Թուրքիա, Քաթար, Իրան: Մասնակիցների թիվը ևս մեծ է` 160 մասնակից, ընդ որում, կարելի է փաստել, որ բիենալեն երիտասարդացել է, մեծ թիվ են կազմում մինչև 35 տարեկան ճարտարապետները:  Բնականաբար, մասնակցում են և փորձառու  անհատ ճարտարապետներ, և նախագծային ինստիտուտներ: Ներկայացված աշխատանքները նույնպես բազմազան են`  ճարտարապետական նախագծերից` համալիրներից և ճարտարապետական փոքր ձևերից զատ` մասնագիտական տեսական նյութեր, ֆիլմեր, ելույթներ և այլն>>:
Ա. Գրիգորյանի խոսքով` այս տարի բիենալեի մասնակիցները հիմնականում հայաստանյան և սփյուռքահայ  ճարտարապետական շրջանակներն են, քանի որ նախապատրաստական աշխատանքների ընթացքը կարճ էր:  Այնուհանդերձ,  կան  նաև շվեյցարացի և իտալացի մասնակիցներ:
<<Վստահ ենք, որ  հաջորդ երևանյան ճարտարապետական բիենալեին արդեն և փորձառությունն ու  ժամանակը բավարար կլինի և կհրավիրվեն,    իրենց մասնակցությունը կբերեն նաև շատ հայտնի օտար ճարտարապետներ` իրենց աշխատանքներով, դասախոսություններով և վարպետաց դասերով…>>

 
                                            