Տեղի կունենա Մասիսի թիվ 5 դպրոցի նոր մասնաշենքի բացումը
Սկզբնաղբյուր http://armenpress.am/arm/news/774002/texi-kunena-masisi-tiv-5-dproci-nor-masnashenqi-bacumy.html
28.08.2014, armenpress.am
Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա Մասիսի թիվ 5 դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությունը, որի համար ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակը տրամադրել է 317 մլն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Լեւոն Խաչատրյանը, շինարարական աշխատանքները մեկնարկել են 2010 թվականից:
Նույն գրասենյակի միջոցներով Գիտելիքի օրը տեղի կունենա մեկ այլ` Վարդաշեն գյուղի դպրոցի մարզադահլիճի բացման արարողությունը: Ավարտին են մոտեցել նաեւ հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները: Վարդաշենի նորակառույց դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2008 թվականին, որի համար տրամադրվել է 456 մլն 624 հազար դրամ:
Արարատի մարզում պետբյուջեի միջոցներով, 2014 թվականին իրականացվում է կրթական օբյեկտների 18 ծրագիր: 13 դպրոցներում իրականացվում են վերանորոգման, ներքին հարդարման աշխատանքներ, որոնց համար պետբյուջեից հատկացվել է 210 մլն 500 հազար դրամ: Մարզի Վերին Դվին, Զորակ, Ոսկետափ, Փոքր Վեդի եւ Նոր Ուղի համայնքների դպրոցներում կատարվում են գազաֆիկացման, պատուհանների եւ դռների փոփոխման, ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ: Հիշյալ հինգ դպրոցների աշխատանքների համար հատկացվել է 90 մլն դրամ: Արտաշատի թիվ 4 դպրոցում 19 մլն 300 հազար դրամով իրականացվում են տանիքի վերանորոգման աշխատանքներ: Հիշյալ աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 1-ից եւ կավարտվեն մինչեւ հոկտեմբերի 5-ը: