Կառավարությունը շինարարություն անելու հնարավորություն ունի, բայց բնակիչների 2/3-ը կողմ չէ (Տեսանյութ)
22.08.2014
galatv.am
«Աղետի գոտի վարչապետի այցելությունից հետո մենք մեզ համար ունենք հստակ պատկերացում, որ աղետի գոտու Գյումրիի հատվածի մասին է խոսքը, էնտեղ դեռևս մնացել են 430 ընտանիքի համար չկառուցված շենքեր, և մենք որոշեցինք, որ այլևս ճիշտ է, որպեսզի պետությունը բնակարանների գնման վկայագրերով աշխատի այդ բնակիչների հետ, քան թե կառուցվեն շենքեր, որովհետև քաղաքը ունի վաճառքի ենթակա բազմաթիվ շենքեր և ավելի ճիշտ է գնել այդ բնակարանները, աշխուժացնել քաղաքի շուկան, քան թե կառուցել շենքեր: Այդ ծրագրի բնակության բոլոր պարամետրերը պատրաստ են և գյուղական վայրերում, և քաղաքային վայրերում, և շուտով այդ գործընթացը նորից կվերսկսվի»,- այսօր հրավիրված ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով աղետի գոտու շինարարությանը՝ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ինչպես են վարվելու այն բնակիչների հետ, ովքեր նպատակահարմար չեն համարում ԲԳՎ ծրագրից օգտվելը, նախարարը պատասխանեց. «Մենք հարցումներ ենք արել Գյումրիում, դա եղել է վարչապետի հանձնարարությունը, որպեսզի բնակիչները իրենք որոշեն շենք կառուցվի, թե տրվի բնակարանների գնման վկայագրեր, մեր տվյալներով ավելի քան 2/3-ը կողմ են վկայագրերին»:
Իսկ բնակիչների այն մտահոգությունը, որ բնակարանների գնման վկայագրերի արժեքը չի համապատասխանի շուկայում գործող գներին, նախարարը այսպիսի երաշխիքներ է տալիս. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդպիսի բան լինել չի կարող: Մենք կադաստրից հարցումներ ենք անելու ճիշտ շուկայական արժեքը և այդ արժեքին համապատասխան իրենք կստանան այդ վկայագրերը: Մենք շահագրգռված չենք խնդիրներ հարուցելու: Եթե նույնիսկ տեսնենք, որ կարող է լինել մարդկանց խումբ, որոնք որ որևիցե կերպ կողմնակից են նոր շինարարության, ապա մենք շինարարությունը անելու հնարավորությունները ունենք, բայց կարծում եմ, որ դա նորից կլինի 2 տարի, նորից կձգձգվի, դրա համար երկու տեսակետից ճիշտ են վկայագրերը: Ավելորդ բնակարանային գույք ստեղծել այն դեպքում, երբ քաղաքում կան բազմաթիվ դատարկ տներ, կարծում եմ, որ դա ճիշտ չի»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք՝ բնակարանաշինությունը իրականացնում է «Գլենդել Հիլզ» շինարակական կազմակերպությունը, ում նկատմամբ կառավարությունը բազմիցս նշել է, որ ֆինանսական պարտավորվածություն չունի, այժմ, երբ բնակարանաշինության գործընթացը դադարեցված է, ինչպե՞ս է կարգավորվելու ֆինանսական գործընթացը, հարցրեցինք նախարարից. «Գործընթացը չի սառեցվել ֆինանսական պատճառներով: Մենք ամբողջ ֆինանսական հոսքերը լիարժեք ստուգել ենք, ամբողջությամբ ես տիրապետում եմ այդ բոլոր հոսքերին, և մենք ունենք այն բոլոր գումարները, որով որ կլուծենք Գյումրիի բոլոր խնդիրները»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք՝ խոսքը Գյումրիում դեռ չմեկնարկած այն 430 բնակարանների մասին է, որը Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրով նախատեսվում էր շահագործման հանձնել դեռ 2013 թվականին: Շինարարության ձգձգման պատճառը, ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, համարվում էր նաև «Գլենդել Հիլզ» շինարարական ընկերության ֆինանսական ծանր վիճակը: Եթե այս տեղեկություները իրական են, ապա դժվար է պատկերացնել՝ ինչպե՞ս է ընկերությունը վերադարձնելու այդ գումարները: