ՀՀ Նախագահն այսօր այցելել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն, որտեղ խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ՝ տեղում գերատեսչությանը վերապահված գործառույթների իրականացման ընթացքին և ստորաբաժանումներում աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով:
Նախարարությունում շրջայցին հաջորդած խորհրդակցության ժամանակ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը Նախագահին ներկայացրել է 2012-13 թվականների ՀՀ քաղաքաշինության նախարարության գործունեության հիմնական արդյունքները, անդրադարձ կատարել առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին: Նախարար Սամվել Թադևոսյանը հիմնականում կարևորել է կառուցապատման թույլատվությունների էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը կնպաստի կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը և պարզեցմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Նա առանձնացրել է նաև սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագիրը, որով նախատեսվում է կարգավորել սոցիալապես անապահով խավերի բնակարանային խնդիրները:
Նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանի զեկույցը վերաբերում էր քաղաքաշինական ծրագրավորման և տարածական պլանավորման խնդիրներին, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներին:
Նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը ներկայացրել է հանրապետության շենք - շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման ընթացքը և հետագա աշխատանքները:
Քաղաքաշինական պետական տեսչության պետ Սևադա Հայրապետյանը զեկուցել է տեսչական ստուգումների արդյունքների և ռիսկի վրա հիմնված ստուգումների իրականացման ընթացակարգի ընթացքի մասին:
Նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Վահան Խաչատրյանը հանդես է եկել նախարարության աշխատակազմի կառուցվածքի, մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ զեկույցով: